Թատերական դաշտն այս տարի ամենաակտիվներից էր. Արմեն Ամիրյանն ամփոփում է մշակութային տարին

Թատերական դաշտն այս տարի ամենաակտիվներից էր. Արմեն Ամիրյանն ամփոփում է մշակութային տարին

Լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ընթացքում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն առանձին-առանձին անդրադարձավ բնագավառի տարբեր ոլորտներին: Թատերական ոլորտի մասին խոսելիս ընդգծեց՝ թատերական դաշտն այս տարի ամենաակտիվներից էր. վերադասավորումներից ու նոր նշանակումներից մինչև հետաքրքրաշարժ պրեմիերաներ:

«Նախորդ տարի Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը տարվա ընթացքում 11 հազար հանդիսատես է ունեցել, իսկ այս տարվա միայն 6 ամիսների ընթացքում՝ 23 հազար հանդիսատես: Դա, բնականաբար, ենթադրում է նաև ֆինանսական ցուցանիշների ավելացում: Եվ այդ ամենը ի շնորհիվ թատրոնի նոր, երիտասարդ ղեկավարության, նոր կառավարման մեթոդի: 6 ամսվա ընթացքում Գյումրու թատրոնում 7 պրեմիերա ենք ունեցել: Այնտեղի ներկայացումները դիտելու համար այսօր նույնիսկ Երևանից հանդիսատես է գնում Գյումրի, այդ օրը գիշերում այնտեղ, առավոտյան թանգարաններ այցելում ու վերադառնում Երևան: Ըստ էության՝ Գյումրու մշակութային սիրտն այսօր բաբախում է Աճեմյանի անվան թատրոնում», – նկատեց Ա. Ամիրյանը:

Ոլորտի պատասխանատուն ստեղծագործական ձեռքբերում համարեց նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրված «Մեծապատիվ մուրացկանները»: Ընդգծեց՝ թեպետ հակասական կարծիքներ կան, բայց այդ ներկայացումը ապահովում է լեփ-լեցուն դահլիճներ:

«Սունդուկյան թատրոնի միայն վերջին ամիսների ուսումնասիրությունը՝ ֆինանսատնտեսական, հանդիսատեսի հաճախելիության, ապացուցում է, որ մեր նախանշած ճանապարհը ճիշտ էր, արձանագրել ենք 30 տոկոսից ավելի աճ», – նշեց նա:

Օպերային թատրոնում 2017 թվականի 6 ամիսների ընթացքում հանդիսատեսի աճը գերազանցել է 45 տոկոսը:

«Սա աննախադեպ ցուցանիշ է: Եթե նախկինում այս թատրոնին ավելի ձեռնտու էր դահլիճը վարձակալությամբ հանձնել, այսօր նույնիսկ բարձրացված սակագներով ձեռնտու չէ, որովհետև ներկայացումներն առավել մեծ եկամուտ են բերում: Կարծում եմ՝ սա որակական լուրջ փոփոխություն է», – հավելեց նախարարը:

Ա. Ամիրյանի արձանագրմամբ՝ նույն տենդենցն է նաև Երիտասարդական և Սիմֆոնիկ նվագախմբերի համերգների ժամանակ:

Կարևորություն տալով իրականացված բոլոր ծրագրերին՝ նախարարն առաջնահերթություն տվեց «Մշակութային կանգառ»-ին, որի շրջանակներում 426 մշակութային միջոցառումներ իրականացվեցին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ ապացուցելով, որ հեռավոր գյուղերում էլ մարդիկ հետաքրքրված են դասական երաժշտությամբ ու արվեստով:

Հեղինակ՝ Նելլի ՄԱրգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում