Քննություն՝ ԲՀԿ-ում

Կիրակի օրը ԲՀԿ-ականները քննություն են «վերցրել» տարբեր բուհերի ուսանողներից, որոնք հավաքվել են Ագրարային համալսարանում: Ինչպես տեղեկացել է «Ժողովուրդը» Բաց համալսարանի ուսանողներից, իրենց նախապես բաժանվել են քննության հարցաշարեր ընտրությունների կազմակերպման ընթացքի վերաբերյալ, որպեսզի սովորեն և ներկայանան ԲՀԿ-ի քննությանը:

Ուսուցանողներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել են, որ քննությունը շատ խիստ է եղել, մի խոսքով իսկական բուհի ընդունելության քննությունների պես, ուղղակի այս անգամ ուսանողը սովորելու դիմաց 20 հազար դրամ կստանա, այլ ոչ թե գնահատական: Իսկ դա կվաստակի միայն այն դեպքում, երբ կկարողանա քննության հաջող արդյունքից բացի, Երևանի ավագանու ընտրություններում պատվով կատարել ԲՀԿ վստահված անձի պարտականությունները:

Այս առիթով «Ժողովուրդը» զրուցել է ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ, ով նշել է. «Մեր պատասխանատուները տարբեր թրեյնինգներ են անցկացնում մեր վստահված անձերի համար, և դա միանգամայն բնական է: Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն հայտարարել է, որ 350. 000 անդամ ունի, այդ դեպքում ինչու է ուրիշ մարդկանց և հատկապես ուսանողների ներգրավում ընտրական գործընթացներին, Զոհրաբյանը պատասխանել է. «Ցանկացած ուսանող իրավունք ունի ունենալու իր համար նախընտրելի քաղաքական կողմնորոշումը և եթե մեծ է այն երիտասարդության թիվը, ովքեր մեր կուսակցության կողքին են կանգնած, ես միայն ուրախ եմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում