Պանրի դեֆիցիտը արտադրանքի գնի աճին նախորդող քայլ է

Տեղական, մասնավորապես «Լոռի» տեսակի պանրի փաստացի բացակայությունը խանութներում ամենևին էլ վերջին օրերին արձանագրված երևույթ չէ: Առնվազն 2 ամիս մայրաքաղաքի խոշոր խանութներում հայկական արտադրության պանրի դեֆիցիտ է նկատվում: Մի քանի օր առաջ էլ գյուղատնտեսության նախարարությունը անդրադարձավ այս խնդրին’ պանրի դեֆիցիտը բացատրելով դարձյալ նույն’ կաթի գների թանկացմամբ և սեզոնային գործոնով: Թեև գյուղնախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ վերամշակող ձեռնարկություններն օրեցօր ավելացնում են պանրի արտադրության ծավալները, բայց խանութներում որևէ փոփոխություն չի նկատվում: Այս հարցին անդրադարձել է «Ազգը»:

«Անկախ պաշտոնական պարզաբանումներից, այնուամենայնիվ, հարց է ծագում, ինչպե՞ս կարող է շուկայական տնտեսություն ունեցող երկրում և մրցակցային շուկայում, ինչպիսին պանրինն է, դեֆիցիտ արձանագրվի: Ի՞նչ է տեղի ունենում այստեղ: Բանն այն է, որ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պարզապես չեն ցանկանում պանիր արտադրել հիմա: Այլապես, եթե արդեն այս ամսից կաթի մթերման ծավալներն ավելանում են, գները նվազում, իսկ կաթնամթերքի այլ տեսակների պահանջարկն էլ սկսում իջնել, ինչո՞ւ չպետք է սկսեին պանիր արտադրելը: Ամենայն հավանականությամբ, հերթական հակամրցակցային համաձայնությունն է պատրաստվում պանրի շուկայում: Չնայած այս շուկայում չկա գերիշխող դիրք, բայց կան 2-3 խոշոր ընկերություններ, որոնք կարող են միաժամանակ սկսել պանիր արտադրելը’ կտրուկ բարձրացնելով իրենց արտադրանքի գները, ինչին կհետևեն մյուս արտադրողները»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում