Հնագետները Հայաստանում Ք.ա. 7-րդ հազարամյակի բնակատեղի են հայտնաբերել

Հնագետները Հայաստանում Ք.ա. 7-րդ հազարամյակի բնակատեղի են հայտնաբերել

Նախորդ տարի հայ հնագետները 39 արշավախումբ են կազմակերպվել՝ Հայաստանի տարբեր մարզերում և հուշարձաններում պեղումներ կազմակերպելու համար: Դրանցից 16-ը՝ այլ երկրի գիտական կենտրոնների հետ ստեղծված համատեղ խմբեր են եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Նա հայտնեց, որ Լեռնագոգ 1 հնավայրի պեղումների արդյունքում առաջին անգամ այս տարածաշրջանում գտել են ստացիոնար բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են Ք. Ա. 8-րդ հազարամյակի վերջ, 7-րդ հազարամյակի սկզբով, սակայն Հայաստանի տարածքի բնակատեղիների հնագույն շերտերը ք.ա. 6-րդ հազարամյակի են:

Ավետիսյանի խոսքով՝ հերթը մշակույթի նախարարությանն է, ով պետք է իրականացնի հուշարձանների ցուցակագրման ու պահպանության խնդիրը: Նա նշեց, որ նախորդ տարի Հյուսիս-Հարավ ճանապարհի տակ մնացող հուշարձաններն են պեղել: «Մաստարայի հարևանությամբ մի քանի օբյեկտներ ենք պեղել՝ կարասների մեջ, վաղ բրոնզեդարյան բնակատեղի է, տարածքն անտիկ շրջանում օգտագործել են որպես գերեզմանոց: Այդ կարասներից յուրաքանչյուրի մեջ թաղում կա:

Հարևանությամբ կառույց կա, այդտեղ նաև դամբարաններ են պեղել, դրանք ճանապարհի եզրին էին, չպեղելու դեպքում կմնային ճանապարհի տակ»,- ասաց նա: Ավետիսյանը տեղեկացրեց, որ մինչև դեկտեմբերի 10-ը պեղումներ են արել, ճանապարհը մաքրել են, որևէ հուշարձան չի մնացել ճանապարհի տակ:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանը նշեց, որ դեռ 2015 թ. հետախուզական աշխատանքներ էին կատարում, Լեռնագոգի այդ տարածքում գտել էին 10-րդ հազարամյակի մարդու սարքած գործիքները, որոնք հայտնի են մեր տարածաշրջանում:

«Սկզբում դա գտանք, հետո ցանկանում էինք հասկանալ՝ դրանք ինչ-որ կերպ կապ ունե՞ն քարից ճարտարապետության հետ: 2015 թ. փոսորակ արեցինք, այդտեղից գտած ածուխը երբ թվագրեցինք, թիվը տվեց 8-րդ հազարամյակի վերջ, 7-րդի սկիզբ, 2017-ին որոշեցինք ավելի մեծ մասշտաբով պեղել: Մենք մեր առջև խնդիր էինք դրել՝ գտնել անխաթար շերտեր և եթե հնարավոր է՝ ոսկրաբանական նյութ»,- ասաց նա:

Պետրոսյանը հայտնեց, որ ածուխի ուսումնասիրությունից հետո հստակ կարելի է պնդել, որ Լեռնագոգն այդ շրջանի հնավայր է, այն հասարակությունը, որ ապրում էր այդտեղ, արդեն որոշակի ճարտարապետության էր տիրապետում:

Ճապոնիայի Տոկայի համալսարանի դոկտոր Մակոտո Արիմուրան տեղեկացրեց, որ 5 տարի է՝ սկսել է համագործակցել հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ, և իր հետաքրքրությունների շրջանակներում է՝ հասկանալ Հայաստանի նեոլիթիզացիայի խնդիրը:

«Ես աշխատել եմ Սիրիայում և Թուրքիայում, այնտեղ շատ կան նեոլիթյան հուշարձաններ: Եվ ի՞նչ գիտենք մենք Կովկասի մասին, Կովկասում 10-6-րդ հազարամյակը պարզ չէ, լավ ուսումնասիրված չէ: 6-րդ հազարամյակից վաղ ոչինչ չգիտեինք մենք: Մի քանի հնավայրեր գիտեինք, բայց դրանք փոքր հնավայրեր են՝ հիմնականում ժայռածածկեր կամ քարայրներ: Մենք չգիտեինք՝ որն է այն վայրը, որտեղ ապրել են»,- ասաց նա:

Արիմուրան հայտնեց, որ 5 տարի առաջ ընդհանուր հետախուզական աշխատանքներ են կատարել և գտել «Լեռնագոգ 1» հնավայրը: Այս տարի իր կոլեգաների, ուսանողների հետ եկել են Լեռնագոգ, բազմաթիվ առարկաներ են գտել՝ օբսիդիանից, ոսկորից, և այդտեղից ստացած ռադիոածխածնային տվյալներն ասում են, որ Լեռնագոգը 7-րդ հազարամյակի է: Իսկ անակնկալը ճապոնացի գիտնականի համար այն էր, որ Լեռնագոգում ճարտարապետություն հայտնաբերվեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում