Մարդ

Մարդ

Եթե երազ լիներ, նա կարթնանար։ Կամ կքներ և քնի մեջ կզգար դեպքերի ոչ սովորական ընթացքն ու կհասկանար, որ երազի մեջ է։ Եթե երազ լիներ, արթնանալուց հետո անպայման մի մասը կմոռանար, ապա երազահաններում կփնտրեր համապատասխան դեպքի կամ բառի բացատրությունը։ Եթե երազ լիներ, չէր զգա  նրա ակնառու ազդեցությունը օրվա վրա։ Ամեն երազ չէ, որ կատարվում է, և ամեն երազ չէ, որ կարողանում է մարդուն կառավարել։

Նա խղճով մարդ էր։ Շատ էր սիրում կենդանիներին, ծառ ու ծաղիկ, կանաչ ու անտառ։ Բայց, ինչքան էլ տարօրինակ է, նա զգուշանում էր մարդկանցից։ Իսկ եթե ավելի պարզ արտահայտվենք, նա կարծես չէր սիրում մարդկանց։ Գուցե մանկության խորքերից եկող չհարթված տպավորություններն էին մեղավոր, գուցե և կյանքի փորձը, որ մի փոքր շեղել էր նրան ճիշտ ճանապարհից, իսկ գուցե և մարդկանցից եկող անգիտակից տագնապը թույլ չէր տվել ինքնադրսևորվելու։

Նրա տեսած երազը դժվար էր պատմել, որովհետև ճշմարտությունից հեռու էր թվում, մինչդեռ բացարձակ ճշմարտություն էր։ Այդ լուսեղեն դեմքերը, որ ասես նկարված էին օդի մեջ, նրանց աննկարագրելի խաղաղ, սիրառատ, աննյութեղեն կերպարը, անդորրի և զգաստացնող զգացողությունը, որ թողնում էր նրանց անկախ, բացարձակ կամային ներկայությունը։ Ներքին տեսողությա՞մբ են ներկա, թե՞ իսկապես աչքերը տեսնում և ընկալում են եղած իրականը։ Ոչինչ չեր կարող ասել, եթե անգամ լինեին իր կողքին, որովհոտև այդպիսի պատկերներ միայն տեսիլքներում կամ երազներում են լինում։

Այնուհետև նրանք դուրս եկան տեսադաշտից, հեռացան և վերածվեցին լուստուների։ Մի քանի արև երկնքում՝ վառ նարնջագույն կամ դեղին։ Այնուհետև նա դժվարությամբ էր կարողանում կարգավորել տպավորությունները։ Լուսատուների գույների խաղն ասես երաժշտություն էր։ Նա թեքել էր գլուխն ու ականջ էր դնում նրանց գույների երգին։Երկրու՞մ էր, թե՞ երկնքում, երա՞զ էր, թե՞ իրականություն։ Իսկ աշխարհը փոխված էր, այնքան բան իրեն այլևս չէր հետաքրքրում։ Նա ոչ մի հոգս չուներ՝ կապված իր նյութական մարմնի հետ։ Մարմինը մոռացության էր տրված, նա զբաղված էր իր հոգու սնուցմամբ։ Հետո ինքն էլ էր երգում այդ երգ-երաժշտությունը, և այնքան հստակ էր կատարածը, իրական ու մատչելի։

Նա աչքերը բաց պառկել էր՝ դեմքին երանության արտահայտություն, որ մեկ այլ բառով կարելի էր երջանկություն անվանել։ Բայց այդ բառը շատ նեղ էր՝ արտահայտելու համար նրա հոգու մեջ առաջացած շարժումը։ Ընդամենը մոտենում էր իմաստին և շատ մոտավոր պատկերացում էր տալիս նրա մեջ կատարվածի մասին։ Մի՞թե իսկապես բառերը չեն կարողանում արտահայտել ցնծության, գերերջանկության մասին իրենց մեջ դրված նախնական իմաստը։ Բառերը կորցրե՞լ են իրենց նպատակը։  Նրանք, հավանաբար, ընդամենը ֆիզիկական մարմնի ետևից են գնում, մինչդեռ հոգու հետ կատարված նրբագույն ապրում-զգացողությունները դուրս են մնում նրանց ազդեցության ոլորտից։ Եվ գալիս է պահը մարդկային բառապաշարի հեղաշրջման։ Նոր բառեր են պետք նոր ապրումներն արտահայտելու համար։

Նա սիրո պակասն ամենուրեք էր զգում։ Մարդկանց մեջ, նրանց խոժոռ դեմքերի վրա հենց այդպես էլ գրված էր․ «սիրո քաղց»։ Կենդանիների մեջ էր զգում, որ հոշոտում էին իրար և մարդկանց։ Ոչ ոք սիրո ավելցուկից չի բողոքում, բողոքը միշտ էլ սիրո պակասից է։ 

Ինչու՞ մարդուն չէր բավարարում այդ մեծագույն և հրաշալի զգացումը խոսքերի վերածելու ընթացքը։ Որովհետև արտահայտման ճանապարհին կորչում էր նրա մի մասը, ստվերում էր մնում, մի շատ կարևոր բան մնում էր անարտահայտելի, խորքում։ Այն չէր կորչում բառիս բուն իմաստով, բայց լսվում էր թերիմաստ, ոչ իր իրական խորությամբ։ Իսկ գուցե ժամանակն էր նոր բառեր ու բառակապակցություններ հորինելու, որպեսզի մարդն իրեն էլ ավելի հարստացած զգար։ Խոսքն, անշուշտ, հոգևոր հարստության մասին էր։ Որպեսզի մի օր էլ բացատրությունը գտնվեր գեղեցիկ ու արժանապատիվ ապրելու պահանջի մեջ։ Մի օր էլ գար պահը, երբ մոռացության կտրվեին մարմնական բոլոր կարիքները և մարդն ինքնամոռաց, իր համար էլ անսպասելի կբացվեր այդ անբացատրելի իրականության առաջ։ Լեզվի կապանքները քանդվեին, և խոսքերը գային հարահոս վտակի պես՝ որպես փառաբանություն և օրհնանք․․․

Բայց նախ և առաջ․․․ Նախ և առաջ և այդ ամենից հետո պետք էր հասկանալ, թե ինու մարդը չի սիրում ինքն իրեն։ Ավելի ճիշտ՝ չի գնահատում, չի հավատում, որ մարդու գործը դեռևս թերի է, անավարտ։ Չէ՞ որ Աստված բոլորին հավասար է ստեղծել, բոլորի մեջ դրել է իր սերմը՝ անմեռ կայծը, և ապրելով իր կյանքը երկրի վրա, մարդը կատարում է Տիրոջ հրամանը։ Եվ հոգալով իր մասին և պահպանելով իր շրջապատը, նա կրկին իր արդար գործն է կատարում։ Բացատրելի է այն, ինչի շուրջը ակամա, իր ողջ կյանքի ընտացքում պտտվում է մարդու միտքը․ ի՞նչն է իր աշխարհ գալու նպատակը։

Հանուն ինչի՞ է ապրում և մեռնում։ Եվ կրկին ծնվում՝ կրկին մեռնելու համար։ Այդ հարահոսի մեջ ո՞վ կամ ինչն է շահում։ Միթե՞ ոչ կայծը, որ կյանքից-կյանք նոր փորձ է ձեռք բերում, որոնց գումարն էլ մարդկության փորձն է, նրա տառապագին կյանքի արդար վաստակը։ Մինչդեռ մարդը կուլ է գնում արտաքին խաղի կանոններին՝ ներքինը տեսնելու փոխարեն։ Որովհետև այնքան էլ հեշտ չէ այն տեսնելը։ Դժվար է գործողությունից անջատել միջուկը, հիմնականն ու թաքնվածը, որի մասին երբեմն մարդն ինքն էլ չգիտի։

Նա հասկանում էր, որ նախ և առաջ ճանաչել էր պետք ինքն իրեն, իր հակասական բնույթը, ապա իր նմաններին, և այդպես շարունակ։ Եվ երբ ինքը հասնի ներքին և արտաքին ներդաշնակության, հենց այդ ժամանակ էլ կզգա, որ եկել է մարդուն իսկապես ճանաչելու ժամանակը։ Եվ որ թաքնված անբացատրելին անվերջ փակ չի մնալու, ի վերջո գալու է և նրա բացվելու ժամանակը։ Անբացատրելին կարիք ունի բացատրության, ու նաև, երբ մարդու այս կամ այն վարմունքը գտնի իր բացատրությունը, կգա և խաղաղության կամ ներդաշնակության պահը։ Նա գիտեր այդ ամենը, ավելի շատ գիտեր, մնում էր, որ գար ինքը՝ սերը։ Երբ վերջապես ասեր, «Մարդ, ես սիրում եմ քեզ, ինչպիսին էլ դու լինես», գալու էր և ինքնաճանաչման պահը։

Այդ ամենը նա վաղուց գիտեր, գրեթե ծննդյան օրից, բայց․․․
Ի՞նչն է խաթարում մարդու երջանկությունը։ Որ այդ զգացումն ավելի կատարյալ լինի, ինչպես պայծառ արևների գիշերը, երբ գիշերը ցերեկից էլ պայծառ էր, իսկ հոգին՝ ցնծության ալիքների մեջ։ Երկրի վրա, ֆիզիկական մարմնի մեջ հնարավոր չէ՞ այդպիսի խորությամբ, կատարելապես ձուլվել այդ զգացման հետ։ Հնարավոր չէ և վե՞րջ։ Եվ մնում է սպասել, թե երբ, տարիներ հետո, մեկ էլ կտեսնես կամ չես տեսնի այդպիսի երազ կամ տեսիլք, և այդ իրականությու՞նն է, որին ինքը չի կարողանում հավատալ։ Ինչքան շատ բաներ են իրականություն դարձել այն ժամանակից, երբ մարդը ոչ մի նորության չէր հավատում։ Չէր հավատում մարդկության փորձին, որ նույնքան հին է, որքան ինքը՝ մարդկությունը։

Հնում մարդիկ ավելի մոտ էին Աստծուն, որովհոտև հավատում էին նրան։ Նա խորապես համոզված էր, որ այդ մտքերն էլ հենց այնպես չեն գալիս իր գլուխը։ Հենց այնպես ոչինչ չի լինում։ Ամեն պատճառ իր հետևանքն ունի, ամեն հետևանք՝ իր պատճառը։ Գուցե եկել է պահը, որին սպասում է, գիտակցաբար, թե անգիտակից։ Ամեն մահկանացու ունի իր պահը, որ երբեք չի կարելի ձեռքից բաց թողնել։ Ինքն իրեն գտնելու պահը։ Ինքն իրեն ճանաչելու և իր մեջ եղած գաղտնիքը բացահայտելու պահը։ Այն գաղտնիքը, որ ի վերուստ աստվածային կայծի հետ է տրված։ Որ նաև տիեզերքի և Արարչի գաղտնիքն է։

Պահի գերին ենք և պահի տերը, տեր ենք և ստրուկ, պայծառ ենք և մռայլ, չար ենք և բարի, խակ ենք և հասուն, տանտեր ենք և հյուր, նյութական ենք և հրեղեն, թանձր ենք և ծանծաղ, հարուստ ենք և աղքատ, ոտավոր ենք և ձիավոր, չնչին ենք և հզոր, կարիքավոր և անկարիք, հող ենք և ոգի։ Մարդ ենք։

Լիլիթ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում