Թուջե նստարանները՝ ընդդիմության «պառակտիչ»

«Ժողովուրդ»-ի խմբագրականում կարդում ենք. «Հատկապես վերջին օրերին ՀՅԴ ղեկավարությունը տարբեր առիթներով հայտարարում է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտը կարող է միավորել միայն «Դաշնակցություն»-ը և որ Երևանի ավագանու ընտրություններից հետո ընդդիմությանը չմիացած կուսակցությունները ցույց կտան իրենց իսկական դեմքը: Արդյո՞ք սա ընդդիմադիր դաշտի մնացած ուժերին քաղաքական շանտաժի ենթարկելու փորձ է, թե՞ սեփական արժանիքները գերագնահատելու դրսևորում, դժվար է ասել: Հավանաբար և մեկը, և մյուսը: Սակայն երկու դեպքում էլ ակնհայտ է, որ «Դաշնակցության» նման պահվածքը դրական արդյունքի չի հանգեցնի՝ ոչ կուսակցության հեղինակության բարձրացման, ոչ էլ ընդդիմադիր դաշտի միավորման առումով: Առավել ևս, որ վերջինի հետ կապված’ դաշնակցականների պահվածքը, մեղմ ասած, խնդրահարույց է:

Բոլորն են հիշում, թե ինչպիսի պատրաստակամությամբ ՀՅԴ ղեկավարությունը փետրվարի 20-ին շտապեց Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներով լեփ-լեցուն Ազատության հրապարակ’ փորձելով իր բաժինը պոկել այնտեղ հավաքված մարդկային կապիտալից: Հետագայում, ոչինչ չանելով հանդերձ, «Դաշնակցությունը» շարունակում էր «մնալ ժողովրդի կողքին»՝ այնքան ժամանակ, մինչև այդ ժողովուրդը սկսեց հիասթափվել և հեռանալ հրապարակից: Իր կողմից որևէ քայլ չձեռնարկելով դա կանխելու համար՝ ՀՅԴ ղեկավարությունը, հակառակը, փութաջանորեն հետևեց հրապարակից հեռացողներին և ապրիլի 9-ին միայնակ թողեց Րաֆֆի Հովհաննիսյանին, այն դեպքում, երբ ընդամենը օրեր առաջ անգամ նրա առավոտյան վազքուղին էր կիսում:

Սակայն միայն դրանով չի սահմանափակվում ՀՅԴ «միավորիչ» վարքագիծը: Նախօրեին «Ժառանգության» քարտուղար, եզակի գաղափարական քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառմանը հետևած ՀՅԴ նախընտրական շտաբի պատասխանի տոնայնությունն ու բովանդակությունը լավագույնս ի ցույց դրեց «Դաշնակցության» «միավորիչ ներուժը»:

Հիշեցնենք, որ Սաֆարյանն ընդամենն արձանագրել էր ՀՀԿ-ական ավագանու թեկնածուի’ հեռուստաեթերից հնչեցրած փաստը, որ Երևանում տեղադրված գերթանկ թուջե նստարաններն արտադրողը դաշնակցական է, և դիմելով մինչև վերջերս հարթակն իրենց հետ կիսող «գործընկերներին»՝ ասել էր. «Գնդակը ձեր դաշտում է, հարգելի ՀՅԴ-ականներ: Ինչ կպատասխանեք. «Նիկոլ Դուման» ԱԿ-ն է՞ գերշահույթներ ստանում’ սահմանելով շուկայականից անհարկի բարձր գին, թե քաղաքապետարանն է նման թիվ նկարում, իսկ իրականում ձեռք բերում այլ գնով»: Եվ ահա’ փոխանակ պատասխանելու շատ կոնկրետ հարցադրմանը, ՀՅԴ նախընտրական շտաբը գռեհիկ ձևակերպումներով լի մի ցեխարձակում է կատարել Սաֆարյանի հասցեին’ նրան մեղադրելով «պատվեր կատարելու» մեջ:

Արդյո՞ք նման վարքագիծ դրսևորող ուժը ունակ է միավորել ընդդիմադիր դաշտը’ հարցը տվյալ դեպքում հռետորական է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում