Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը. Մովսես Նիկողոսյան

Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը. Մովսես Նիկողոսյան

Երիտասարդ դերասան, ռեժիսոր Մովսես Նիկողոսյանին տարիներ առաջ ճանաչում բերեց «Քաղաքում» սերիալի Կարբիտի կերպարը: Տևական ժամանակ էր՝ դերասանն էկրանային լռություն էր պահում, ինչը բոլորովին էլ անպատճառ չէր. շուրջ 3 տարի Մովսեսն անազատության մեջ էր, ու հենց այդ անազատությունը պատճառ դարձավ նոր՝ ինքնակենսագրական գրքի ծնունդի, որը շուտով ֆիլմ կդառնա: Ի դեպ, դերասանը նախորդ ամռանը նշանադրվել է, սակայն ամուսնության մասին դեռևս չի բարձրաձայնում:

Մովսես Նիկողոսյանն այժմ նկարահանվում է ATV հեռուստաընկերության «Կարմիր բլուր» հեռուստասերիալում: Aysor.am-ի հետ զրույցում դերասանը պատմել է նոր առաջարկի ու անցած երեք տարիների մասին:

– Մովսես, արդեն մի քանի օր է՝ Ձեզ հանդիպում ենք նոր ֆիլմում ու Ձեր նախորդ կերպարից բոլորովին տարբերվող կերպարով: Հեշտությա՞մբ եք համաձայնվել այս առաջարկին:

– Այս ֆիլմում նկարահանվելու առաջարկը ռեժիսոր Ելենա Արշակյանից եմ ստացել: Ճիշտն ասած՝ հեշտությամբ կամ դժվարությամբ համաձայնվելն իմը չէ, ես կամ համաձայնվում եմ կամ ոչ: Այս անգամ առաջին տարբերակը նախընտրեցի (ժպտում է՝ հեղ.):

– Ձեր մարմնավորած հերոսին հասուն տարիքում կերպարանավորելու է դերասան Սամվել Սարգսյանը: Ավագ գործընկերոջ հետ խորհրդակցե՞լ եք, քննարկե՞լ եք Ձեր ընդհանուր խաղը:

– Այո՛, իմ կերպարը երիտասարդությունն է Սամվել Սարգսյանի մարմնավորած կերպարի: Նույն սերիալում նման արտիստի հետ հանդես գալը և՛ շատ հաճելի է, և՛ պարտավորեցնող: Ինչ վերաբերում է խորհրդակցելուն՝ կերպարի վերաբերյալ նման քննարկում չենք ունեցել, բայց համոզված եմ՝ նա հետևել է իմ խաղին ու իր կարծիքն ու եզրակացությունն ունի: Վստահ եմ՝ կերպարային գիծը կշարունակի պրոֆեսիոնալ կերպով:

– «Կարմիր բլուրում» Ձեր ներգրավվածությունը կարճատև է: Արդյոք արդեն իսկ նոր առաջարկներ չունեք: Ի՞նչ նոր կերպար կցանկանայիք մարմնավորել:

– Նոր առաջարկներ կան, բայց, ցավոք, չեմ կարող ընդունել, քանի որ ինքս նպատակ ունեմ նկարահանելու ֆիլմ, որը լինելու է իմ իսկ հեղինակային գրքի հիման վրա: Հետագա նպատակներիս, անելիքներիս մասին միայն մեկ բան կարող եմ ասել՝ դրանց իրագործման միակ ճանապարհը կլինի իմ ֆիլմը, որից հետո բոլորի համար պարզ կլինի՝ ինչի մասին էր խոսքը: Վստահեցնում եմ, որ շատերի կյանքում դրանից հետո մեծ, միայն լավ ու բարի փոփոխություններ կլինեն:

– Շատերը Ձեզ սիրեցին ու ճանաչեցին «Քաղաքում» սերիալից Կարբիտի կերպարով: Շատերն էլ սկսեցին նմանություններ գտնել Մովսեսի ու Կարբիտի միջև…

– Իսկապես, շատերն ինձ ճանաչեցին հենց «Քաղաքում»-ից: Եկել եմ այն համոզման, որ այժմ մենք ապրում ենք այնպիսի մի Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր տեսածի նկատմամբ պատկերացման պակասություն կա: Չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր ֆիլմն ու իրականությունը խառնում են իրար, չեն ըմբռնում, որ դա կինո է, որտեղ յուրաքանչյուր դերասան կատարում է իրեն բաժին հասած հսկա աշխատանքը: Չէ՞ որ արվեստը մի մեծ աշխարհ է, որտեղ ստեղծվում ու ուսումնասիրվում են տարբեր գաղափարներ, որոնք սցենարի են վերածվում՝ իրենց մեջ ընդգրկելով բազմաթիվ ու բազմատեսակ կերպարներ: Հենց այդ կերպարներին էլ ներկայացնում, մատուցում է այն դերակատարը, ում վստահվել է տվյալ դերը:

– Սիթքոմներում, կատակերգություններում էլ ներկայացվում են հերոսներ, որոնք որքան էլ զարմանալի է, մեր իրականության մեջ կան: Գուցե հենց այդ պատճառո՞վ հեռուստադիտողը չի կողմնորոշվում ու նմանություններ է փնտրում:

– Օրինակ՝ Կարբիտն իր ընկերուհուն ստիպում էր ամեն առավոտ խաշի ջուր խմել: Չէ՛, դա նորմալ չի, բայց ցավոք, այսօր մեր իրականության մեջ նման աննորմալ պրինցիպներով տառապող մարդիկ կան: Իմ խաղով փորձել եմ հանդիսատեսի մոտ ծիծաղ առաջացնել՝ որոշ չափազանցություններով մեկտեղ՝ ցուցադրելով իրականությունը: Այն, ինչ իմ հերոսն էր անում, զավեշտալի էր, ու ովքեր բնավորության նման գծեր ունեն, ցանկալի է՝ փոխեն: Հավատացեք, եթե դա էկրանից ծիծաղելի է, ուրեմն կյանքում էլ այդպես է:

– Ծանոթացնե՞նք ընթերցողին Մովսես Նիկողոսյանի իրական տեսակին:

– (Ժպտում է՝ հեղ.) Գիտեք, այդ հարցին լիարժեք պատասխան տալ չեմ կարող. ցավոք, մարդն այնպիսի էակ է, որ պահի ազդեցության տակ կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին երբեք չի եղել: Ժամանակներն են այդպիսին… Միայն մեկ բան կարող եմ վստահ ասել՝ լիարժեք կյանքի, լիարժեք մարդ կոչվելու ճանապարհը մեկն է. միշտ երեխա մնա՝ մաքուր պահելով այն ներքին հարստությունը, որն Աստծունն է: Պետք չէ կյանքում վարակվել փուչ, դատարկ ու անօգտակար մտքերով: Դա հանգեցնում է տգիտության ու մարդուն դարձնում տգեղ:

– Ավարտել եք Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը, չկա՞ մտադրություն հաստատվել որևէ թատրոնում, կամ՝ զբաղվել ռեժիսորական աշխատանքով:

– Այո՛, ավարտել եմ Երվանդ Ղազանչյանի կուրսը: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում եմ աշխատել: Որպես ռեժիսոր բեմադրել եմ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսը, որտեղ նաև խաղում էի Սողոմոն Թեհլերյան: Արտաշես Քալանթարյանի «Բումերանգ»-ն եմ բեմադրել, Վրեժ Իսրայելյանի «Այրին» և այլն: Այնուհետև սերիալում մեծ զբաղվածություն ունենալու պատճառով ռեժիսուրայով այլևս չզբաղվեցի: Այժմ ավելի շատ էկրանային գործունեությամբ եմ հետաքրքրված, բայց չի բացառվում, որ հետագայում ինչ-որ անհանգստություն ունենամ ու բեմադրություն անեմ: Ո՞վ գիտի, գուցե նաև խաղամ որևէ ներկայացումում:

– Նաև ձայնային լավ տվյալներ ունեք, ժամանակին «Շանթ» հեռուստաընկերության երաժշտական նախագծերից մեկում հաղթող եք ճանաչվել: Երբեք ցանկություն չե՞ք ունեցել երաժշտական ուղին շարունակելու:

– Երաժշտության հետ դեռ մանկուց եմ շատ կապված եղել: Պատճառը հայրս է եղել, ով երաժիշտ է: Ինքս երաժշտական կրթություն չունեմ, բայց և՛ երգում եմ, և՛ նվագում: Իհարկե, ոչ պրոֆեսիոնալ մակարդակով: Բայց միակ հաջողությունը, որն ունեցել եմ երգի և երաժշտության ոլորտում, եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Դուետ» նախագիծը, որտեղ 17 զույգերի մեջ հաղթող ճանաչվեցինք ես և Նարե Գևորգյանը, ում ճանաչում ու իր արվեստը գնահատում են շատերը, այդ թվում՝ ես:

– Մովսես, 3 տարուց ավելի ազատազրկման մեջ եք եղել: Հետագայում դժվար չէ՞ր ինտեգրվել հասարակությանը: Մարդկանց՝ ընկերների, հարազատների վերաբերմունքի մեջ տարբերություն նկատո՞ւմ եք: Ի՞նչ փոխեցին այդ երեք տարիները Ձեր կյանքում:

– Այո՛, դատապարտված եմ եղել 3 տարի և 3 ամիս: Դուրս գալուց հետո հասարակության մեջ ինտեգրվելը բավականին հեշտ էր: Մարդիկ հասկանալու ու ընկալելու չափաբաժին ունեն, որն անսահմանափակ չէ: Ես պետք է տեսնեմ այդ վերջնակետը և ավելին չսպասեմ նրանցից, ընդունեմ այնպիսին, ինչպիսին կան: Այդ դեպքում արդեն վերաբերմունքի որևէ փոփոխություն չեմ նկատում: Չեմ էլ ուզում վատը տեսնեմ, նման ցանկություն չունեմ ու բացարձակ չեմ էլ կենտրոնանում դրա վրա: Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը: Այդ ճանաչումն էլ օգնեց, որ այսօր միտքս զբաղեցնեմ ավելի խաղաղ գաղափարների շուրջ (ժպտում է՝ հեղ.):

– Ովքե՞ր են այսօր Ձեր ընկերները:

– Իմ ընկերները նրանք են, ովքեր հասկանում են ընկեր ասվածի իրական արժեքը: Դա ուղղակի բառ չի…

– Իսկ նախկին գործընկերների («Քաղաքում» սերիալից) հետ կապը պահպանո՞ւմ եք:

– Ոչ բոլորի:

– Կան մարդիկ, որոնց համար իրենց սկզբունքներն առաջին տեղում են: Նման սկզբունքներ ունե՞ք, հանուն ո՞ւմ կամ հանուն ինչի՞ եք պատրաստ հրաժարվել Ձեր սկզբունքներից:

– Սկզբունքներ, պրինցիպներ և այլն՝ նմանատիպ սովորույթները ես չեմ կարողանում հասկանալ: Դա կապանք է, որով առաջինը վնասում ես ինքդ քեզ, հետո նոր՝ մնացածին: Գիտեք, նման սովորություններն իրենց հետ բերում են խռովություններ, վեճեր, փոխադարձ անհարգալից վերաբերմունք և այլ վատ երևույթներ… Իմ սկզբունքը, եթե, իհարկե, դա կարելի է սկզբունք համարել, ապրելն է այն կյանքում, որն Աստված է շնորհել ինձ: Ապրել՝ տեսնելով լավն ու բարին: Մնացած ամեն բան խավարումներ և շփոթմունքներ են…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում