Ուրցաձորցիների մշակած բիզնես պլաններով աշխուժանում է համայնքի կյանքը

Ուրցաձորցիների մշակած բիզնես պլաններով աշխուժանում է համայնքի կյանքը

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի տնտեսական կյանքում արդեն մի քանի ամիս է` անսովոր աշխուժություն է տիրում: Համայնքի զարգացման ուղղությունները տեղացիներն անձամբ են ընտրում` իրենց իսկ կազմած բիզնես պլանների միջոցով: ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աղքատության կրճատումն Ուրցաձոր համայնքային փնջում` ինքնուրույն զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրի շրջանակում համայնքում, որը միավորում է Ուրցաձոր, Շաղափ ու Լանջանիստ գյուղերը, մեկ հյուրատուն կառուցվել, մյուսն` ընթացքի մեջ է: Երեք բիզնես նախագծեր, որոնք ուղղված են մեղվաբուծության զարգացմանը, նույնպես կյանքի են կոչվել:

Տեղացիների ինքնազբաղվածության խնդրի լուծմանն ուղղված հաջորդ ծրագիրը, որը դարձյալ իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)` ԵՄ ֆինանսավորմամբ, չրերի, թեյերի ու մեղրի արտադրությունն է` «Հօլանի» բրենդի ներքո: «Արտադրական ամբողջ պրոցեսն իրականացնում են համայնքի բնակիչները: Նրանց համար նախ դասընթացներ ենք կազմակերպել, որոնց ընթացքում մասնակիցները ձեռք են բերել ագրոտուրիզմի և օրգանական գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ հմտություններ: Առաջին պայմանը, որ խստագույնս պահվում է, առանց կենսաբազմազանությունը վնասելու` հավաք կազմակերպելն է: Ծրագրի բոլոր շահառուները դա արդեն գիտեն»,- ասում է ծրագրի համակարգող Թագուհի Մանվելյանը:

«Հօլանի»-ն մշտական աշխատանքով չի ապահովում տեղացիներին, բայց գարուն-աշուն ժամանակահատվածում մոտ 60 տնտեսության ինքնազբաղվածության հարց է լուծում: Թեյերի պատրաստման մեջ օգտագործվող խոտաբույսերն ու վայրի հատապտուղները գյուղացիները հավաքում են, հետո հումքը մթերվում, վերամշակվում և փաթեթավորվում է Վեդիում գործող արտադրամասում:

Նշված ուղղությունների ընտրությունն էլ պատահականորեն չի արվել. հարուստ կենսաբազմազանություն ունեցող Ուրցաձորում զարգացման մեծ պոտենցիալ ունեն ինչպես մեղվաբուծությունը, այնպես էլ չրերի ու թեյերի արտադրությունը:

Պիլոտային այս ծրագրի հաջողությունից, ինչպես Թագուհին է ասում, շատ բան է կախված: Սպասելիքներն արդարանալու դեպքում, արտադրությունը կկազմակերպեն ուրցաձորցիները. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն այն կազմակերպելու իրավասությունը կփոխանցի Օրգանական հողագործության հիմնադրամին: Մինչ հիմա ունեցած ձեռքբերումները հույս են ներշնչում, որ մոտ ապագայում դա էլ հնարավոր կդառնա. «Մեր թիրախային խումբը կանայք և երիտասարդներն են: Սկզբում, երբ նոր էինք սկսում ծրագիրը, գյուղացիները թերահավատ էին: Ժամանակի ընթացքում ավելի լուրջ սկսեցին նայել այդ ամենին: Անգամ մարդիկ կային, որ ուզում էին արտագաղթել, բայց ծրագրի մեկնարկից հետո մտափոխվեցին, օրինակ` Հայկանուշ Ստեփանյանը»:

Որևէ զբաղմունք չունեցող և արտագաղթի ճանապարհը բռնել ցանկացող բազմաթիվ վայոցձորցիներն էլ շուտով, հնարավոր է, Հայկանուշ Հովսեփյանի օրինակին հետևեն:
Ծրագրի հաջողության դեպքում այն կյանքի կկոչվի նաև Վայոց ձորի մարզի համայնքներում, որոնք նույնպես օրգանական գյուղատնտեսության զարգացման մեծ պոտենցիալ ունեն:

Թագուհի Թովմասյանը հավաստիացնում է` արդեն գործող և հետագայում նախատեսվող բոլոր ծրագրերի ընթացքում հավատարիմ են մնալու նախապես սահմանված սկզբունքին` վնաս չհասցնել բնությանը: Ի դեպ, «Հօլանի»-ի ոչ միայն արտադրանքը, այլև փաթեթավորումն է էկոլոգիապես մաքուր: Թե´ թեյերը, թե´ չրերը, վերամշակված թղթի մեջ են տեղավորվում ու հասցվում սպառողին: Սկզբում օնլայն վաճառք էին անում, հիմա նաև «Ծիրան» սուպերմակետների ցանցում և «Հալեպ» խանութում է ներկայացված տեսականին:

Տեղական շուկայում ամրապնդվելուն զուգահեռ`  Հօլանին փորձում է մտնել նաև միջազգային շուկա: Ինչպես վստահեցնում է ծրագրի համակարգող Թագուհի Մանվելյանը, վաճառքից ստացված ողջ հասույթը կրկին կներդրվի ծրագրում` շահառուների թիվը մեծացնելու և այն ավելի զարգացնելու նպատակով: Եվ միայն այն ժամանակ, երբ ծրագիրը կդառնա կայուն զարգացող, հասույթի մի մասը կուղղվի այլ բնապահպանական խնդիրների լուծմանը:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում