Հայոց եկեղեցու կացությունը Սովետական իշխանության արշալույսին

Հայոց եկեղեցու կացությունը Սովետական իշխանության արշալույսին

Տեղական իշխանությունները հաճախ խոչընդոտում էին կառավարության դրական քայլերին: Այդ հանդիպումից մի քանի օր հետո Վաղարշապատի գավառի հեղկոմի նախագահ Ա. Շահգելդյանը կարգադրեց վանքապատկան բոլոր այգիները աճուրդով տալ ցանկացողներին: Ա. Մյասնիկյանը ներքին գործերի ժողկոմ Պ. Մակինցյանին հանձնարարեց զբաղվել Էջմիածնի վանքին առնչվող հարցերով: Պ. Մակինցյանը Վաղարշապատի, Աշտարակի և Օշականի շրջանների հեղկոմներին հորդորեց «խուսափել վանքապատկան հողերի ու այգիների վերաբերությամբ կարգադրություններ անելուց»:

Սակայն Ա. Շահգելդյանը ոչ միայն չանսաց այդ խելամիտ առաջարկին, այլև բռնագրավել տվեց նաև Էջմիածնի վանքի ջրաղացները: Ինչպես իրավացիորեն նշում է Խորեն արքեպիսկոպոսը, Հայաստանի կառավարության անդամները, հաշվի առնելով ժողովրդի վրա եկեղեցու մեծ ազդեցությունը, «գիտակցաբար տրամադրություն են ցույց տալիս դեկրետներից շեղումներ կատարելու և որոշ զիջումներ անելու», մինչդեռ «նորաբույս կոմունիստներն իրենց ծայրահեղ ձախությամբ աշխատում են ցուցադրել իրենց», որի հետևանքով «կեդրոնի կարգադրությունը շրջաններում չի հարգվում և կատարվում»:

Եկեղեցու հանդեպ հանիրավի հարուցած հետապնդումները պայմանավորում էին կենտրոնի ուղենշած սկզբունքներով: Այս առումով ահեղ նախազգուշացում էր 1921 թ. օգոստոսի 9-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմի պլենումում ընդունված հակակրոնական քարոզչության դրվածքի մասին որոշումը, որտեղ նշվեց, որ «կրոնական ասպարեզում կուսակցության ծրագիրը խախտելու և որևէ կրոնական պաշտամունքի հետ կապ ունենալու համար վտարվում են կուսակցությունից»:

Հայաստանի կառավարությունը եկեղեցու հանդեպ շարունակեց ցուցաբերել հանդուրժող վերաբերմունք: 1921 թ. հունիսի 12-ին կաթողիկոսը նամակով դիմեց Ա. Մյասնիկյանին՝ խնդրելով դրական ընթացք ցույց տալ եկեղեցուն հուզող խնդիրներին: Մի քանի օր հետո՝ հունիսի 19-ին Ա. Մյասնիկյանի ստորագրությամբ հրապարակված ժողկոմխորհի հրամանում ասվում էր, որ «Էջմիածնի վանքի և նախկին ճեմարանի պարիսպով շրջափակված, կուլտուր-լուսավորական գործին ծառայող շինությունները հարակից այգիներով (նախկին ճեմարանի շինությունը, մանկավարժական մուզեյը, դիտարանը, հիվանդանոցը, ննջարանը և տնտեսական պետքերին ծառայող բոլոր մանր շինությունները, նախկին ճեմարանի պարտեզում, Էջմիածնի նախկին մատենադարանի շենքը, պարիսպը, նոր հանրակացարանը, թանգարանը, այլև Հռիփսիմեի ու Զվարթնոց վանքերը հարակից շինություններով և այգիներով) հայտարարված են անձեռնմխելի և չեն կարող բռնագրավման կամ խտացման ենթարկվել պետական որևէ օրգանի կողմից, առանց լուսժողկոմատի գիտության համաձայնության»:

Կառավարությունը, հաշվի առնելով Էջմիածնի միաբանների բնակարանային ծանր պայմանները, կարգադրեց վերադարձնել նրանցից խլված բնակարանների մի մասը: 1921 թ. օգոստոսի 17-ին Խորեն արքեպիսկոպոսը տեսակցություն ունեցավ Ա. Մյասնիկյանի հետ, որը, ընդառաջելով նրա խնդրանքին, կարգադրեց Էջմիածին ուղարկել ներքին գործերի ժողկոմի տեղակալին՝ տեղում լուծելու Էջմիածնի միաբանությանն առնչվող հարցերը: Ի վերջո որոշվեց, որ «հետ այսու վանքապատկան հողերի վերաբերությամբ լիազոր ներկայացուցիչ է հանդիսանում վանական կառավարությունը»: Իսկ սեպտեմբերի 3-ին Գևորգ Ե կաթողիկոսին այցելեցին Արդարադատության ժողկոմ Ա. Կարինյանը և ներքին գործերի ժողկոմ Պ. Մակինցյանը, որոնք հավաստիացրեցին, որ Հայաստանի կառավարությունը որոշել է «վերացնել կառավարության ու էջմիածնի մեջ ստեղծված տարաձայնությունները` վերադարձնելով բոլոր այգիները և գալով որոշ համաձայնության մյուս հարցերի վերաբերմամբ»:

1921 թ. սեպտեմբերի 19-ին գումարված ՀԿ(բ)Կ Կենտկոմի նիստում որոշվեց Էջմիածնի վանքին զիջել ճեմարանի շենքը, թանգարանը, իսկ Մատենադարանը թողնել կառավարության իրավասության տակ: Որոշվեց ժողկոմխորհին առաջարկել… վանքապատկան հողերի մի մասը (100-200 դեսյատին) վարձակալության տալ վանքին և միաբանությանը հանձնարարել «կազմակերպել օրինակելի տնտեսություն, իսկ այգիներից վերադարձնել վեցը»:

Սակայն Էջմիածնի Մայր վանքի կացությունը անգամ իշխանությունների այսպիսի բարեհայեցողության պայմաններում շարունակում էր վատթարանալ: Հայոց կաթողիկոսը զրկված էր վանքի մերձակայքում գտնվող որևէ մենաստանում վանահայր, վարդապետ կամ եպիսկոպոս նշանակելու իրավունքից: Նա չէր կարող հյուրեր ընդունել, քանի որ Էջմիածնի վանքի հյուրատունը մնում է բռնագրավված: Վանքի էլեկտրակայանի բռնագրավման հետևանքով վեհարանն ու Մայր տաճարի հաստատությունները զրկված էին էլեկտրական լույսից: Ընդառաջելով Էջմիածնի վանքից ստացվող դիմումներին, 1921 թ. սեպտեմբերի 20-ին Հայաստանի ժողկոմխորհը քննության առավ վանքին առնչվող խնդիրները: Այդ նիստում նշվեց, որ Էջմիածնում կարելի է բացել աստվածաբանական դպրոց:

Թանգարանը թողնվում էր կաթողիկոսի իրավասության տակ, մատենադարանն ու տպարանը մնալու էին գիտական ինստիտուտին կից, հանրակացարանը և վանքի մյուս շենքերը՝ կառավարության նշանակած կոմիսարի հսկողության տակ: Մայր Տաճարի ներքին պարիսպների ներսում գտնվող մյուս շենքերը, Հռիփսիմեի, Գայանեի վանքերը հանձնվելու էին կաթողիկոսին: Նույն նիստում որոշվեց Էջմիածնի վանքին վերադարձնել բռնագրավված այգիներից վեցը, էլեկտրակայանը և վանքին հատկացնել 300 դեսյատին վարելահող: Էջմիածնի կաթողիկոսությանն իրավունք էր վերապահվում հարաբերության մեջ մտնել կառավարության հետ՝ ազատ մնալով տեղական իշխանությունների միջամտություններից:

Այսպիսով մասնակիորեն լուծվեց Էջմիածնին հուզող հողային հարցը, իբրև եկեղեցու գոյապահպանման հիմնական միջոց: Կենսահույզ այդ խնդիրը լիովին լուծելու համար անհրաժեշտ էր գործադրել պետական ազդու լծակներ, ինչը բացառվում էր: Եկեղեցին չէր կարող ապավինել պետության հովանավորությանը: 1921 թ. հոկտեմբերի 30-ին Գևորգ կաթողիկոսը շրջաբերական կոնդակով սփյուռքահայերին կոչ արեց նյութական օգնություն ցուցաբերել Խորհրդային Հայաստանին: Դրան հետևեց ցորենի, ալյուրի, դեղորայքի, դրամական միջոցների մեծ հոսքը դեպի Հայաստան:

1922 թ. հունիսի 10-ի կոնդակով կաթողիկոսը հորդորեց համայն հայությանը՝ սատար կանգնել Խորհրդային Հայաստանի կառավարությանը` «վերաշինվող նոր երկրի համար»:
Եկեղեցու հանդեպ ճնշումները շարունակվեցին նոր ուժով: Դրան խթանեցին 1922 թ. մարտի 15-ին Շույա քաղաքի եկեղեցու բակում վերջինիս թանկարժեք իրերի առգրավման պատճառով ժողովրդի ու զորքի միջև տեղի ունեցած ընդհարման հետևանքով ծավալված միջոցառումները: Նույն թվականի մարտի 19-ին Վ. Ի. Լենինը ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոյին հղած հույժ գաղտնի նամակում նշեց, որ «…Այժմ, երբ սովահարված վայրերում ուտում են մարդկանց… մենք կարող ենք (ուստի և պարտավոր ենք) կատարել եկեղեցական արժեքների առգրավումը ամենաբուռն ու անողոք եռանդով, կանգ չառնելով ուզած դիմադրություն ճնշելու առջև… Որքան այդ առթիվ մեզ հաջողվի գնդակահարել մեծ թվով հետադեմ հոգևորականության և հետադեմ բուրժուազիայի ներկայացուցիչների, այնքան լավ: Անհրաժեշտ է հատկապես այժմ այնպիսի դաս տալ այդ հասարակությանը, որ նրանք մի քանի տասնամյակներ որևէ դիմադրության մասին չհամարձակվեն անգամ մտածել»:
(շարունակելի)

Վրեժ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում