Ինչ կապ ունի Ներսիկ Նազարյանը խոշոր խարդախություններ իրականացրած բուրգի հետ

«Ժամանակ»-ի տեղեկություններով’ ՀՀ ոստիկանությունը, խոշոր գումարի խարդախությունների կամ հափշտակությունների հետ կապված դիմում-հայտարարություններ է ստացել, որոնց հիման վրա կազմված նյութերն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Ընդ որում, այդ խարդախությունները միմյանց հետ կապված են եղել և ունեցել են համակարգված բնույթ:

Թերթի տեղեկությունների համաձայն՝ դա ֆինանսական այն բուրգն է, որը գլխավորել է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը՝ մի քանի այլ բարձրաստիճան ոստիկանների միջոցով, և որի պատճառով նա անցած շաբաթ պաշտոնանկ արվեց:

Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն, չեն ցանկացել այս տեղեկությունների հետ կապված մեկնաբանություններ տալ: Ընդամենը փոխանցել են, որ նախապատրաստված նյութերն ուղարկել են ՀՔԾ: «Սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ ոստիկանությունն արդեն ՀՀ բազմաթիվ քաղաքացիներից նման դիմումներ է ստացել, թե ինչ-որ անձինք խարդախությամբ իրենցից խոշոր գումարներ են վերցրել, խոստացել են, որ յուրաքանչյուր ամիս բանկային ավանդի տոկոսադրույքից մի փոքր բարձր տոկոսավճար կտան, սակայն վերցնելուց հետո ոչ տոկոսն են տվել, ոչ էլ մայր գումարը: Ընդ որում թե տուժածները, թե՛ հափշտակողները միմյանց հետ կապ ունեցող անձինք՝ բարեկամներ, ծանոթներ, ընկերներ են եղել: Եվ այդ հափշտակողներից մեկը եղել է ոմն Արթուր Անդրեասյան:

Թե ինչ կապ ունի Ա. Անդրեասյանը Ն. Նազարյանի կամ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, մեզ չհաջողվեց պարզել: ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը նույնպես չի ցանկացել այս գործի հետ կապված մանրամասներ հայտնել՝ ասելով, թե գրավոր հարցման դեպքում կպատասխանեն: ՀՔԾ-ին ուղղված գրավոր հարցումների պատասխանը կներկայացնենք ավելի ուշ: Սակայն, եթե գործն ուղարկվել է ՀՔԾ, ուրեմն այն կապ ունի ներկա կամ նախկին պաշտոնյայի հետ: Չէ՞ որ ՀՔԾ-ն հիմնականում նման գործեր է քննում: Մեզ նաև հայտնի է դարձել, որ ֆինանսական այդ բուրգը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց հափշտակել է 45.000 դոլարից սկսած՝ մինչև ավելի քան 100.000 հազար դոլար գումար:

Եվ կուտակված նյութերի գումարներն ահռելի չափերի են հասնում: Եվ չի բացառվում, որ քննության ընթացքում այն ավելի ընդլայնվի ու ֆինանսական հափշտակումների այդ ողջ բուրգը բացահայտվի: Իսկ թե այն որքանով կարող է կապ ունենալ Ն. Նազարյանի հետ, հավանաբար պարզ կդառնա առաջիկայում»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում