«Շրջանառության հարկի մասին» օրենքը կարող է հանգեցնել լրատվամիջոցների սննկացմանը

Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ի կողմից ընդունված «Շրջանառության հարկի մասին» օրենքը մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար դարձել է իսկական գլխացավանք: Բանն այն է, որ ընկերություններն այս տարվա հունվարի 1 -ից, բացի ամենամսյա պարտադիր սոցիալական վճարից և եկամտահարկից, պետք է յուրաքանչյուր եռամսյակը մեկ վճարեն շրջանառության հարկ: Այս նոր հարկատեսակը շատ ավելի բարձր է, և մանր ձեռնարկատերերից շատերը, հնարավոր է, պարզապես դադարեցնեն իրենց գործունեությունը:

«Ժողովուրդ»-ը գրում է, որ հարկային այս փոփոխություններն ուղղակիորեն առնչվում են նաև թերթերին, որոնք ևս պետք է եռամսյակը մեկ շրջանառության հարկ վճարեն: Եվ հասկանալի է, որ այս հարկատեսակը դամոկլյան սրի նման կախված է ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր և ազատ լրատվամիջոցների գլխին: Պատճառն այն է, որ Հայաստանում լայն սպառում, հետևաբար նաև մեծ շրջանառություն ունի հենց ազատ մամուլը: Ու չի բացառվում, որ շատ լրատվամիջոցներ պարզապես սննկանան և փակվեն, ինչն էլ հանգեցնի մեդիաոլորտում մենաշնորհի հաստատման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում