Բանակին հիվանդ զինվոր պետք չէ. Մարգարիտա Խաչատրյանը նորակոչիկների մասին

«Նորակոչիկներին մինչև բանակ զորակոչելն անցկացվող պարտադիր զինվորական քննությունն անցնում է մեծ խստությամբ, որովհետև բանակին հիվանդ զինվոր պետք չէ»,- այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Նա նշեց, որ եթե անգամ նորակոչիկի ընտանիքը չի կարողանում վճարել հավելյալ զննման գումարը, այդ դեպքում ավելի լավ է՝ զորակոչվի, հետո բանակում հիվանդ զինվորին անպայման հոսպիտալացնում են և մանրամասն զննում: Նմանատիպ շատ դեպքեր են եղել, երբ երեք ամիս ծառայությունից հետո զինվորի մոտ հայտնաբերվել է այս կամ այն հիվանդությունը, հոսպիտալացվել է, ապա ազատ արձակվել պարտադիր ծառայությունից:

Տիկին Մարգարիտան ընդգրկված է  այս տարվա գարնանային զորակոչի հանձնաժողովում:

Խոսելով ինքնասպանության դեպքերի մասին՝ բանախոսն ասաց, որ եթե համեմատենք անցած մի քանի տարիների հետ, ապա դրանք նվազել են, սակայն  դեռևս աշխատելու տեղ կա. «Մի բան է, երբ ծնողին ասում ես՝ որդիդ հայրենիքի սահմանը պահելիս թշնամու գնդակից է մահացել, մեկ այլ բան, որ ինքասպանություն է գործել: Մենք պետք է հասնենք նրան, որ այլևս բանակում ինքնասպանության դեպքեր չարձանագրվեն»,-նշեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում