Անահիտ Բախշյան. ԲՀԿ-ի վստահված անձինք չպետք է ընդգրկվեն ընտրատեղամասերի հանձնաժողովներում որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ

«ԲՀԿ-ի վստահված անձինք չպետք է ընդգրկվեն ընտրատեղամասերի հանձնաժողովներում որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, քանի որ ԲՀԿ-ն ընդդիմադիր չէ»,-այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, նման կարծիք հայտնեց «Բարև Երևան» դաշինքի ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անահիտ Բախշյանը:

«Քանի որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի հայտարարել իրեն, հետևաբար նրա վստահված անձը չպետք է ընդգրկվի որպես ընդդիմադիր: Այդ տեղում պետք է նստի ՀՅԴ, ՀԱԿ և «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչը»,-ասաց նա:

Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին, Բախշյանն ասաց, որ այն ընդդիմություն է, սակայն չցանկացավ համագործակցել «Ժառանգության» հետ:

«Փետրվարից հետո տեղի ունեցած գործընթացները տեսել եք: Րաֆֆիի Հովհաննիսյանը բոլոր քաղաքական ուժերին համագործակցելու առաջարկներով հանդես եկել է, սակայն տեսաք, թե ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում