Ռուզան Առաքելյան. Մենք պարտավորություն ենք վերցրել մեր վրա` ժողովրդին համոզել, որ սա քաղաքական ուժերի ընտրություն է

«Մեր քարոզարշավը բավականին հաջող է անցնում և այն ընտրազանգվածը, որ մենք ունեցել ենք բոլոր ընտրությունների ժամանակ, նրանք մեզ հետ են’ մեր կողքին»,- այսօր, անդրադառնալով նախընտրական զարգացումներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, նախկին ԱԺ պատգամավոր Ռուզան Առաքելյանը:

«Կա վախի մթնոլորտ, մարդիկ հաճախ մեր հանդիպումներին հետևում են պատուհանից կամ դրա հետևից, ինչն անընդունելի է և ամոթ, 21-րդ դարում չի կարող նման բան լինել: Սա մեր ժողովրդի բարոյական նկարագիրը խաթարող գործունեություն է: Այնուամենայնիվ, մենք գոհ ենք մեր քարոզարշավից: Մենք չենք խռովում այն փաստից, թե քանի մարդ կգա’ թեկուզ 3 հոգի լինեն. մենք մեր ասելիքն ասում, գնում ենք: Դաշնակցությունը երբեք հատուկ մեթոդներով, գրավիչ առաջարկներով չի փորձի շահել ընտրողների վստահությունը »,- նշեց Ռուզան Առաքելյանը:

Բանախոսի խոսքով` ավագանու ընտրությունները վերագրում են անձի ընտրության: Ժողովրդի մոտ կա երևույթի ոչ ճիշտ ըմբռնում, թե իրենք գնում են անձի ընտրելու:

Առաքելյանի խոսքով` իրենք պարտավորություն ենք վերցրել իրենց վրա’ ժողովրդին համոզել, որ սա քաղաքական ուժերի ընտրություն է:

Նախկին խորհրդարանականի կարծիքով’ այսօր Երևանը կանգնած է մի շարք խնդիրների առաջ, այդ թվում էկոլոգիական, տրանսպորտային, սոցիալական և այլն, բայց էկոլոգիական խնդիրը բանախոսը համարեց առաջնային:

Անդրադառնալով միասնական ընդդիմադիր քաղաքապետ ունենալու հնարավորությանը’  Դաշնակցական գործիչը վստահեցրեց, որ համախմբվելու եզրեր կգտնվեն : 

Հետևեք մեզ նաև Telegram-ում