Գագիկ Խաչատրյան. Իմ դեմ ընթանում է վաղուց մշակված արշավ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե իր դեմ ընթանում է վաղուց մշակված արշավ, իսկ լրատվամիջոցները «հորինած բիզնեսներ» են կապում իր անվան հետ:
Խաչատրյանը, սակայն, չի մանրամասնել, թե ով է կանգնած այդ ամենի հետևում:

«Վաղուց մշակած ձեր լրատվական միջոցների հորինած բիզնեսներն են: Դիմեք հանձնաժողովին», – ասել է Խաչատրյանը:

ՊԵԿ-ի նախագահը հրաժարվել է այլ հարցերի պատասխանել և թիկնապահների ուղեկցությամբ նստել է իրեն սպասարկող BMW ավտոմեքենան ու հեռացել:

Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2013 թ. ապրիլի 10-ի որոշմամբ’ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) դիմումի հիման վրա հարուցվել էր վարույթ’ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով: Նույն որոշմամբ հանձնաժողովը Գագիկ Խաչատրյանին առաջարկել է քննարկվող հարցի վերաբերյալ 10-օրյա ժամկետում ներկայացնել իր առարկությունները և բացատրությունները:

Այսօր հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել են, որ ՊԵԿ-ի նախագահն արդեն ներկայացրել է իր առարկություններն և բացատրությունները: Հանձնաժողովից, սակայն, փոխանցել են, որ քանի դեռ վարույթն ընթացքի մեջ է, իրենք իրավասու չեն որևէ դետալ հրապարակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում