Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ

Ապրիլի 24-ին Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ եւ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն: Այնուհետ ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին զետեղվեցին ծաղկեպսակներ Շվեյցարիայում ՀՀ դեսպանության եւ շվեյցարահայ կազմակերպությունների անունից: Ելույթներ ունեցան Շվեյցարիայի Հայ Առաքելական Եկեղեցու քահանա վարդապետ Հայրիկ Հովհաննիսյանը, խոսքով հանդես եկան ՀՀ արտակարգ դեսպանորդ Սաթենիկ Աբգարյանը եւ Շվեյցարահայ միության նախագահ Նժդեհ Խաչատրյանը: Սաթենիկ Աբգարյանն իր խոսքում, մասնավորապես, նշեց, որ 98 տարվա մեջ հայ ժողովրդի կողմից մղվող պայքարը ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու իրավունք ունենալու եւ միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչմանը հասնելու փուլից անցել է նոր փուլ’ կենտրոնանալով Թուրքիայի կողմից ճանաչմանը հասնելու վրա, եւ այդ պայքարում հաջողությունը հնարավոր է միայն համայն հայության’ Հայաստանի, Արցախի եւ Սփուռքի միասնական ուժերով:

Արարողությանը ներկա էին հայ համայնքային կառույցների, հունական եւ ռուանդական համայնքի ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում