Հայաստանում «խոզի գրիպ» չկա

Երեկ «ՉԻ»-ն փորձել է ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դերենիկ Դումանյանից տեղեկանալ, թե Հայաստանում դեռեւս առկա՞ է խոզի գրիպի հարուցիչ H1 N1 վիրուսը։

«Դումանյանն ի պատասխան ասաց, որ Հայաստանում խոզի գրիպ չկա։ «Հիմա Հայաստանում գրիպի դեպքեր շատ հազվադեպ են գրանցվում, դրանք հիմնականում B տեսակներն են; Հիմա այդպիսի դեպքեր չունենք»։ «ՉԻ»-ն նկատեց՝ այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված խոզի գրիպի մասին շրջանառվող լուրերը եւ տարբեր հիվանդանոցների (հատկապես մանկական) վերակենդանացման բաժիններում փակցված զգուշացնող հայտարարություններն այն մասին, որ բաժանմունքներում գրիպի հարուցիչի հետ կապված՝ այցելությունները սահմանափակվում են:

Ի պատասխան Դումանյանը պարզաբանեց. «Չգիտեմ, թե այդ լուրերն ինչով են պայմանավորված։ Հիվանդանոցներում նման բան չկա գրանցված, իսկ վերակենդանացման բաժիններում նման հայտարարությունները միգուցե վերաբերում են սուր-շնչառական հիվանդություններին, որը շփոթում են խոզի գրիպի հետ։ Մենք հիմա անցել ենք շաբաթական մոնիտորինգի համակարգի, ինձ երեկ են զեկուցել, որ վիճակը հանգիստ է»։ Ի դեպ, ոչ վաղ անցյալում գրիպի համաճարակի հետ կապված երկարաձգվեցին հանրակրթական դպրոցների գարնանանյին արձակուրդները, ինչի արդյունքում այսօր դպրոցներն անցել են ժամաքանակը լրացնելու «լրացուցիչ» պարապմունքների։ Դպրոցներում եղած գրաֆիկն անհանգստացնում է ոչ միայն ուսուցիչներին, այլեւ աշակերտներին եւ նրանց ծնողներին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում