Վլադիմիր Գասպարյանը պաշտպանում է «գողական խուժանի» անձեռնմխելիությունը

Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևանի քաղաքի Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Գագիկ Ամիրջանյանը: Փոխոստիկանապետի ազատման պատճառը եղել է ilur.am–ի կայքի լրագրողի աշխատանքները խոչընդոտելու ժամանակ ոստիկանի կողմից ոչ պատշաճ ծառայություն կատարելը:

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «Շատ հուզիչ որոշում է: Միայն հարց է առաջանում՝ ինչու՞ Վ.Գասպարյանն անպատժելիության դեմ պայքարի շրջանակներում գործ չի հարուցում Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված Աշոտ Պապայանի նկատմամբ: Չէ որ հենց նա է խոչընդոտել լրագրողի աշխատանքը, իսկ դրա համար ՀՀ օրենսգիրքն անգամ ազատազրկում է ենթադրում: Փոխոստիկանապետին աշխատանքից ազատելը ամենևին էլ չի ենթադրում, որ հանցանք գործած անձնավորությունը պատժվում է: Տեսանյութը կա, վկաներ կան, անգամ քաղաքապետարանի աշխատակիցն է կայքի լրագրողի հետ զրույցում խոստովանել, որ ինքը գիտի, թե ով է ծեծել լրագրողին: Եվ այս պարագայում փոխանակ գործ հարուցվի ՀՀԿ-ական մականունավորի նկատմամբ, աշխատանքից ազատվում է փոխոստիկանապետը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում