Գյումրիի ՀՀԿ կառույցի ղեկավարը բացառում է «Վարդանանց պատերազմը»

Եթե հիշում եք, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնավարման տարիներին Գյումրիի գլխավոր հրապարակը անվանափոխեց Վարդանանց հրապարակ, և բոլոր նրանց, ովքեր պնդում էին, թե քաղաքապետն իր անունով է անվանակոչել հրապարակը, հակադարձում էր, թե գլխավոր հրապարակը Վարդանանց է կոչել, քանի որ գյումրեցիները մասնակցել են Վարդանանց պատերազմին: Ընդ որում՝ դա հենց Վարդան Ղուկասյանի պատմագիտական բացահայտումն էր: Գյումրիում կրակոցներով ու սպանությամբ զուգորդված վերջին միջադեպից հետո այժմ գյումրեցիներին կարծես նոր «Վարդանանց պատերազմ» է սպառնում, չնայած երեկ Գյումրի գնաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սպառնաց երկրից «արտաքսել» «երկու կլանների» ներկայացուցիչներին՝ միջադեպի շարունակության դեպքում: Գյումրիում արդեն իսկ հայտարարություններ են եղել, որ թափված արյան համար պատասխան են տալու: Այս առիթով «Ժամանակը» զրուցել է Գյումրիի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի հետ, ով կառույցը ղեկավարել է այն ժամանակ, երբ Ղուկասյանը պաշտոնանկ արվեց ու լքեց ՀՀԿ Գյումրիի ղեկավարի պաշտոնը:

-Պարոն Մինասյան, այսօր խոսվում է, որ հնարավոր է Գյումրիում միջադեպը շարունակություն ունենա, որ թափված արյան համար պատասխան են տալու:

-Ես չեմ կարծում, անգամ կոչ եմ անում ողջախոհության և խնդիրը տեղափոխելու ընդհանուր փոխըմբռնման դաշտ: Ես կարծում եմ՝ դա ավելի շատ երևակայություն է, և գյումրեցիները ունեն համապատասխան խոհեմություն: Ոստիկանապետի այցելությունը Գյումրի փաստում է իմ ասածը, որ ամեն ինչ վերահսկվում է ծայրահեղ զգոնությամբ, և ոչ մի շարունակություն ունենալ չի կարող, բացառվում է:

-Կարծում եք՝ սպանությունից հետո հնարավո՞ր հաշտության դաշտ տանել խնդիրը:

-Իհարկե, ես կարող եմ պատմական օրինակներով ասել, բայց ամփոփ մտքով հետևյալը կասեմ՝ վրեժն ու հաշտվողականությունը երկվորյակներ են, առերևույթ տարբեր, բայց նույն սեփական հոգու էմոցիաներ են: Էնպես որ, մի բացառեք:
Նախորդ միջադեպից հետո, փաստորեն, ներողամտություն չեղավ, և սա նախորդ միջադեպի շարունակությունն է:

-Ճիշտ ասած՝ ես նախորդ միջադեպից տեղեկատվություն հստակ չունեմ:

-Դուք Ձեր կուսակցի՝ Վարդան Ղուկասյանի հետ հանդիպել ե՞ք, և ո՞րն է միջադեպի վերաբերյալ նրա բացատրությունը:
-Ես Վարդան Ղուկասյանի հետ չեմ հանդիպել, ոչ էլ Մարտուն Գրիգորյանին եմ հանդիպել:

-Այսօր Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին արդեն իսկ որոշակի լարվածություն կա ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև, չե՞ք կարծում, որ այս միջադեպը հնարավոր է ավելի սրի իրավիճակը երկու կուսակցությունների միջև:

-Ոչ թե չեմ կարծում, այլ բացառում եմ, որովհետև Երևանի քաղաքապետի ընտրությունները տեղական կառավարման ընտրություններ են, բնականաբար կարող է լինել մրցակցություն, իսկ խնդիրը քաղաքականացնել, չեմ կարծում, ճիշտ մոտեցում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում