Ավագանու ընտրություններում կուսակցությունները ներկայացրել են հաշմանդամների խնդիրների լուծման ծրագրերը, բայց գրելը քիչ է. Ա. Ալավերդյան

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները իրենց ծրագրերում անդրադարձել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, բայց գրելը քիչ է, գործել է պետք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Անդրադառնալով ընտրարշավին, Արմեն Ալավերդյանը նշեց, որ հերթական անգամ ոտնահարվեց լսողության խնդիր ունեցող մարդկանց իրազեկվելու իրավունքները:

«Որևէ քարոզչական նյութ զուգորդված չէ սուրդո թարգմանությամբ: Դա մեծ ծախսերի հետ կապ չունի: Միայն «Կենտրոն» հեռուստատեսության լուրերն են, որ ունեն սուրդո թարգմանություն: Հորդորում եմ բոլորին, գոնե մեկ հաղորդում զուգորդել նման թարգմանությամբ, անիմաստ է խուլ մարդկանց համար վազող տողը, հատկապես, որ չի էլ համապատասխանում էկրանին ընթացող պատկերին»,- ասաց Արմեն Ալավերդյանը:

Նա ընդգծեց, որ ոչ մի մշակութային օջախ չպետք է գործի, եթե հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց: Նա ընդգծեց, որ հաշմանդամություն ունեցող անձինք այսուհետ ավելի ակտիվ են պայքարելու իրենց իրավունքների համար:

Արմեն Ալավերդյանն անդրադարձավ նաև ընտրատեղամասերին և նշեց, որ «Ունիսոնը» նախագահական ընտրություններին մոնիթորինգ է անցկացրել Երևանում և պարզել, որ միայն 31-ն են հարմարեցված տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց, իսկ 44-ը գրեթե հարմարեցված են:

Իսկ Ավտովթարից հետո տարիներ առաջ հաշմանդամություն ձեռք բերած Հասմիկ Մուրադյանը խորհուրդ տվեց քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին մի անգամ նստել սայլակին ու տեղաշարժվել Երևանով, այդ ժամանակ նրանք կհասկանան, թե որոնք են բոլոր խնդիրները:

«Ես ուզում ուշադրություն հրավիրել գետնանցումների վրա, որտեղ աստիճանների կողքին չկան բազրիքներ: Իսկ եթե օգնող չլինի չես կարողանա աստիճաններով իջնել»,- ավելացրեց Հասմիկ Մուրադյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում