Հայաստանում արշավ կանցկացնեն՝ հանուն քաղցկեղի «Վաղ և ճշգրիտ» բուժման
Նմանատիպ
Հայաստանում անցկացվում է արշավ՝ ուղղված քաղցկեղի վաղ հայտնաբերմանը: Այն կրում է «Վաղ և ճշգրիտ» կարգախոսը: Արշավն իրականացնող «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության հիմնադիր նախագահ Նվարդ Քոչարյանը փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ քաղցկեղը մեծ տարածում ունի մեր հանրապետությունում, և ամեն տարի մեծ թվով կանայք ախտորոշվում են, սակայն ցավալին ոչ թե այն է, որ ախտորոշվում են, այլ այն, որ ուշ փուլերում են ախտորոշվում:
«Վաղ ախտորոշման դեպքում և ապաքինման շանսերն են մեծանում, և ապրելիության շանսերը, ինչու ոչ՝ նաև ավելի մատչելի է լինում բուժումը: Ինչու՞ «ճշգրիտ», քիչ չեն դեպքերը, երբ ախտորոշումը ճշգրիտ չի ստացվում, սա այլ խնդիր է: Կարևոր է ոչ միայն վաղ, այլև ճշգրիտ ախտորոշումը»,- ասաց նա:
Քոչարյանը նշեց, որ միջոցառումները շատ են լինելու, նախորդ տարի ևս սկրինինգային հետազոտություններին մեծ ուշադրություն են դարձրել, հանրային իրազեկման միջոցառումներ են իրականացրել թե մարզերում, թե Երևանում՝ սոնոգրաֆիկ հետազոտություն, մասնագետի խորհրդատվություն:
«Նման միջոցառումներ անցյալ տարի շատ ենք ունեցել հատկապես Արցախում: Արդյունքները բավական կարևոր էին՝ վաղ հայտնաբերման դեպքեր էինք շատ ունեցել: Կարևոր է, որ մեր հասարակությունը ոչ միայն գնա բժիշկի, այլև իմանա՝ ինչպես դա անել»,- ասաց նա:
Քոչարյանը տեղեկացրեց, որ արշավի շրջանակներում կունենան ծառատունկ, որի տեղը դեռ չի հրապարակվում, նախատեսում են դեղձենիների պուրակ ստեղծել. կրծքագեղձի քաղցկեղի պայքարի գույնը վարդագույնն է, դեղձենին հենց այդ գույնով է ծաղկում: Ծառատունկն ապրիլի մեկին է լինելու, նախատեսված է նաև մեծ գիտաժողով, որի ժամանակ զեկույցներ են լինելու, խոսելու են նորույթների մասին՝ թե գիտական, թե պացիենտական, դա տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու համար է:
«Ցավալին այն է, որ մեր հասարակությունում բոլորը՝ կանայք թե տղամարդիկ, ստորադասում են իրենց առողջությունը: Կրծքագեղձի քաղկեղի դեպքում դա հայտնաբերման ամենաարագ միջոցն է, բայց անգամ եթե ինչ-որ բան շոշափեցին, կանայք չեն դիմում բժիշկի: Երբ գնում ենք մարզեր, մարդիկ ցանկություն են ունենում գալ, մասնակցել մեր սկրինինգային ծրագրին, նույն ծրագիրը լինում է նաև տեղում, բայց չեն գնում: Շատ անգամ պատկեր է լինում, հարցնում են՝ հաջորդ անգամ ե՞րբ եք գալու»,- ասաց նա:
Քոչարյանը նշեց, որ փորձում են պացիենտի հետ կապը պահել, երբ ցուցում է տրվում մամոգրաֆիայի, հետազոտման, սակայն երբեմն այդ կապը կորչում էլ է: Քոչարյանն ասաց, որ պաշտոնական տվյալներով տարեկան 1200 նոր դեպք է հայտնաբերվում, որի մոտ 40 տոկոսը՝ 3-րդ, 4-րդ փուլում: Բանախոսն ասաց, որ լինում են դեպքեր, երբ պացիենտը դժգոհում է, երբեմն չեն ընդունում մի բժիշկի ասածը, գնում այլ բժիշկի մոտ:
Քոչարյանի խոսքով՝ կարևոր է երկրորդ կարծիքի մշակույթը, որ մեր երկրում այնքան էլ ընդունված չէ:
«Մենք ինքներս երբեմն, եթե նման խնդիր եղել է, դա կազմակերպել ենք: Կա բուժման սխեմաների տարբերություն, որը նորմալ է»,- ասաց նա:
Նույն կազմակերպության անդամ Անի Սահրադյանն ասաց, որ լինելով քաղցկեղ վերապրած մարդ, ընդ որում՝ քաղցկեղը բավական ուշ փուլում հայտնաբերած, միշտ իր խոսքը ուղղել է այն մարդկանց, ովքեր ավելի ուշ փուլում են հայտնաբերում:
«Ես կարծել եմ, որ կօգնեմ նրանց: Իմ օրինակով ուզում եմ բոլորին կոչ անել, որ եթե գոնե տարին մեկ անգամ գնան հետազոտվեն, շատ ավելի մատչելի կլինի թե բուժումը, թե ապրումները, թե կյանքին սպառնացող վտանգը: Մարդիկ վախենում են բախվել այդ ախտորոշման հետ, բայց բոլորն էլ ասում են՝ քաղցկեղը դատավճիռ չէ, անգամ այն փուլերում, երբ թվում է՝ ամեն ինչ վերադարձնել չի լինի»,- ասաց նա:
Սահրադյանը տեղեկացրեց, որ իր մոտ քաղցկեղը հայտնաբերվել է երրորդ-չորրորդ փուլում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում