Արժե՞ զարմանալ, որ Ալիևը Երևանն է ուզում…

Արժե՞ զարմանալ, որ Ալիևը Երևանն է ուզում…

կամ ինչպե՞ս հաշտեցնել գիտությունն ու քաղաքականությունը

2012 թվականին Ադրբեջանցի մի շարք գիտնականներ, եթե, իհարկե կարելի է նրանց գիտնական կոչել, շրջանառության մեջ դրեցին ակադեմիկոս Հովսեփ Օրբելու «Գանձասարի և Հավոցպտուկի արձանագրությունները» վերտառությամբ մի աշխատություն, որը իբր թե լույս էր տեսել 1919 թվականին Պետրոգրադում։ Ադրբեջանցիները նշում էին, իբր այդ գրքի ողջ տպաքանակը ոչնչացվել է հայերի կողմից, քանի որ այնտեղ, կրկին իբր Օրբելին ապացուցում էր, որ Գանձասարն ու ողջ Արցախը աղվանական են և ոչ թե հայկական։ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի գրեթե մեկ տասնյակ ներկայացուցիչներ «մեջբերումներ» էին անում Օրբելու հիշատակված աշխատասիրությունից՝ պնդելով, որ Ալիևի վարչակազմի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Ֆուադ Ախունդովին հաջողվել է ձեռք բերել այդ գրքի միակ պահպանված օրինակը։ Նրանք անգամ խոսում էին այն մասին, իբր «Գանձասարի արձանագրությունները» տեղադրել են համացանցում և ցանկացած մեկը կարող է ինքը կարդալ և համոզվել, որ Արցախը հայկական չէ։

Դա իհարկե սուտ էր։ Ինչպես նաև այսպես կոչված մեջբերումները, որոնք այդքան առատորեն տարածվում էին ադրբեջանցի «գիտնականների» կողմից։ Բայց այդ սուտը ադրեջանցիները մի քանի ամիս շարունակ օգտագործում էին մեր դեմ։ Օգտագործում էին, որովհետև հայ գիտնականները, ովքեր տեղյակ էին Հովսեփ Օրբելու աշխատասիրության մասին, տեղյակ չէին, որ քարոզչական դաշտում Հայաստանի դեմ նման արշավ է սկսվել։ Իսկ այն մարդիկ, ովքեր, որպես կանոն պատասխանում են ադրբեջանցիների սադրանքին, այսինքն մշտապես զբաղվում են հակաքարոզչությամբ կամ հայկական կողմի դիրքորոշման պաշտպանությամբ մամուլում և միջազգային կառույցներում, տեղյակ չէին Օրբելու՝ իրականում այդպես էլ լույս չտեսած աշխատասիրության մասին։ Ոչ առաջիններին, ոչ էլ վերջիններիս մեղադրելու չէ։ Քիչ հետո կասեմ, թե ինչու։

«Գանձասարի և Հավոցպտուկի արձանագրությունները» գրքի հետ կապված մեր բոլոր խնդիրներն լուծվեցին այն բանից հետո, երբ հայրս խնդրեց ինձ հետաքրքվել մեր ակադեմիկոսներից Օրբելու այդ աշխատասիրության մասին։ Այդ առիթով խոսեցի վաստակաշատ, ցավոք հիմա արդեն լուսահոգի պրոֆեսոր Պավել Չոբանյանի հետ, ով ասաց, որ Օրբելու հիշատակված աշխատությունը լույս չի տեսել, քանի որ 1919թ. Պետրոգրադում ջրհեղեղ է եղել, որի արդյունքում վնասվել է տպարանը։ Պահպանվել է գրքի միայն մեկ փորձնական օրինակ, որը տրվել էր Օրբելուն, որպեսզի տպագրությունից առաջ նա ևս մեկ անգամ ամեն ինչ ընթերցեր ու ստուգեր։ Թե որտեղից կարելի էր գտնել այդ օրինակը, պոֆեսոր Չոբանյանը նույնպես ասաց։ Արդյունքում մենք ձեռք բերեցինք դրա պատճեն և Voskanapat.info կայքում լույս տեսավ իմ Հայրիկի՝ Լևոն Մելիք-Շահնազարյանի, «Академия мошенников» հոդվածը, որից հետո ադրբեջանցի բոլոր «գիտնականների» բերանը փակվեց։

Պատմությունն այս նորից հիշեցի Իլհամ Ալիևի՝ Երևանը, Զանգեզուրն ու Սևանը գրավելու ցանկությունը որպես քաղաքական ծրագիր ներկայացնելու նրա որոշումից հետո։ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարություններն, իհարկե, շատերի մոտ ծիծաղ առաջացրին։ Բայց, կա մի հանգամանք, որը չի կարելի շրջանցել։ Խոսքը հայկական և ադրբեջանական կողմերի սկզբունքային մոտեցումներին է վերաբերվում։ Եվ այն փաստին, որ ոչ մի հայ պաշտոնյայի շուրթերից երբեք, օրինակ, Գարդմանք բառը չեմ լսել։ Երբեք…

Եվ սա խնդիր է։ Ընդ որում, խնդիր, որը չի գտնվում «դուք մեզ, մենք ձեզ» պարզ բանաձի շրջանակում։ Այն ավելի կոնցեպտուալ է։ Համեմատության եզրը այստեղ թերևս միայն մեկն է։ Այն, որ իրենք հավակնություններ են ներկայացնում մեր Հայրենիքի հանդեպ, իսկ մենք՝ ի հակառակ ադրբեջանցիների, չենք էլ փորձում հիշել մեր նույն Հայրենիքի այն հատվածները, որտեղ ընդամենը 30 տարի առաջ հայեր էին ապրում։ Շահումյանը, Գետաբեկը, Գանձակը, Դաշկեսանը, Խանլարը, Գետաշեն-Մարտունաշենը… ամենը դուրս են մնացել հայկական քաղաքական օրակարգից։ Մոռացվել են և վերջ։ Եվ այդքանից հետո արժե՞ զարմանալ, որ Ալիևը Երևանն է ուզում։

Զարմանալին, թերևս, այն է, որ մեր գիտնականները լռում են։ Բացահայտ կեղծիքը հերքելու անհրաժեշտություն չեն տեսնում և չեն էլ նկատում, որ այն, ինչը երեկ դեռ ծիծաղելի էր, այսօր քաղաքական գործոն է դառնում ու տարբեր հարթակներում ուղղվում հայկական պետությունների դեմ։ Իսկ լռում են, որովհետև… գիտությունն ու քաղաքականությունը խռով են իրարից։ Որվովհետև պետության երկու կարևոր այս հենասյուները միմյանցից անկախ են զարգանում։ Միմյանց կարիքը չունեն և, երևի թե, տեղյակ էլ չեն իրարից։ Կարծում եմ կհամաձայնվեք, որ սա շատ խնդիրների սկզբնաղբյուր է։ Թերևս ամենակարևոր խնդիրների։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

P.S.
Հայաստանում առկա կրթական և գիտական խնդիրների մասին խոսելու շատ նյութ կա ցավոք։ Վերջերս Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Միհրան Հակոբյանը այդ հարցը բարձրացրեց նաև խորհրդարանում։ Նշելով, որ կան մասնագետներ, որոնք աշխատաշուկայում պահանջված չեն՝ Մ. Հակոբյանը հարցրեց Գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչյանին. արդյո՞ք ի վիճակի է պետությունը հայագիտության որոշ ճյուղերի և պատմագիտության որոշ դիսցիպլինների գծով մասնագետներ ունենալու շռայլություն թույլ տալ: Որպես օրինակ, պատգամավորը նշեց սեպագիր արձանագրություն կարդալ իմացող մասնագետներին։ Հարցը առավել քան կարևոր է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ, օրինակ, ուրարտերեն արձանագրություններ կարդացող մասնագետ շատ քիչ ունենք։ Բառացիորեն մեկ-երկու հոգի, այն էլ տարեց։ Ու եթե մի օր հանկարծ մենք կորցնենք այդ գիտելիքը, վստահ եղեք, որ Էրբունին էլ կհայտարարվի հին ադրբեջանական բերդաքաղաք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում