Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը դարձյալ կյուրընկալի «Հեքիաթի դեսպաններին»

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը դարձյալ կյուրընկալի «Հեքիաթի դեսպաններին»

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը`փետրվարի 17-21-ը կազմակերպում է «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը», որին կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրքին առնչվող կազմակերպություններ: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ տոնավաճառի համաժամանակյա միջոցառումների ծրագիրը կիրականացվի գրադարանի ճեմասրահում, դահլիճում և սրահներում:

Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 19-ին, ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում:

Ավանդական դարձած տոնավաճառի կազմակերպումը կարևորվում է մանուկների և պատանիների շրջանում գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրության առաջացման և մանկապատանեկան գրքի նորություններին հանրությանն իրազեկելու համատեքստում: Ցուցահանդես-տոնավաճառը միտում ունի հանրությանը ներկայացնել ՀՀ հրատարակիչների վերջին տարիների՝ մանուկներին և պատանիներին հասցեագրված լավագույն հրատարակությունները և նպաստել գիրք-ընթերցող կապի սերտացմանը:

Տոնավաճառի շրջանակում տեղի կունենա գրքի ցուցահանդես-վաճառք, անհատական և խմբային այցելություններ, զրույցների, տեսությունների շարքեր, «Տարվա հոբելյարներ», «Երևանը և երևանցիները» խորագրերով էլեկտրոնային ծանոթացումներ, երաժշտական խմբային ունկնդրումներ, էքսկուրսիաներ, մուլտֆիլմերի դիտումներ, բարձրաձայն և ընտանեկան ընթերցանություն:

Մշակութային ծրագրում կիրականացվեն գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթապատումները, որոնց ընթացքում օտարազգի դիվանագետները և հայ անվանի արվեստագետները փոքրիկներին կներկայացնեն համաշխարհային և ազգային հեքիաթներ:

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում սահմանվելիք 20% զեղչով գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայագրել հայ զինվորին. օրվա խորհրդին համահունչ նախատեսվում են թումանյանական մոտիվներով մուլտֆիլմերի դիտումներ, վիկտորինա, գրական խաղեր, ունկնդրումներ՝ «Թումանյանը երգերի մեջ» խորագրով: Փետրվարի 21-ին՝ օրվա ընթացքում, կկազմակերպվեն Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված պոեզիայի ժամ, զրույցներ, գրական, մտավոր և ուսուցողական խաղեր և ընտանեկան ընթերցանություններ:

Միջոցառումն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում