Քարե վարդ

Քարե վարդ

Երբ նորից խաղաղվեն արշալույսներն այստեղ,
Երբ դեղին քամիները քարանան ու մարեն,
Թիթեռների վայրի գեղեցկությամբ անտեր
Երկնքում փոշոտված ծիածաններ պարեն,
Երբ կաթեն ամպերից հոշոտված նարինջներ
Ու ծածկեն մոտեցող ամեն մի ծառուղի,
Օ՜, գիտե՜մ, այրելով թղթեր ու կամուրջներ`
Դու կիջնես շիրիմիս, իմ քարե’ թագուհի:

Երբ հեռվում սյունազարդ սրահներում քարե
Եբենոսյան արկղում գտնեն իմ անունը,
Երբ զնգան գավաթներ ու ձայներ հանճարեղ,
Եվ պյուռոսյան երթում չորացած արյունս
Ավետի հիշատակս հերոսատառ գրով,
Երբ հանձնեն սգաշուք ձեռքերիդ իմ սուրը
Ու հարց տան` եղե՞լ է պոետն այս բարբարոս,
Երբ հատել է մտքի պատյանն ու բարուրը:

Երբ մի օր հեռանան ոսկեօր դարերը
Թռչունների սառած ու թևաշար երթով,
Լեգենդներից կաճեն քարե ալ վարդերը
Ու երբ ծածկեն հողն իմ անուշահոտ շերտով,
Երբ չես լինի այնժամ, երբ չի լինի ո’չ ոք,
Երբ կշարվեն աստղերն աշխարհաշուրջ շողին,
Քարե ափսոսանքից`լուսե ու անողոք,
Կայրվես շիրմիս կանգնած, քարե’ իմ թագուհի:

Երբ նորից խաղաղվեն օրերն ու ջրերը,
Երբ կապույտ աշխարհում պտտվի իմ ուղին,
Դու կզգաս, որ քոնն են այս ձեռքերն ու սերը,
Եվ դու ես իմ հողի շիրմաքար քրմուհին:
Թե այնժամ քեզ թվա աշխարհն այս ատելի,
Երբ քո դեմ իմ ցասման տեսիլքները պարեն,
Չանիծես, չխղճաս, և դարձած անթերի`
Շշունջներ կխառնես աղոթքներիս քարե:

Արտակ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում