«Բարև Երևան»-ը պահանջում է ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Այս մասին տեղեկացնում են «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի` հայցադիմումով բողոքարկվում է օրեր առաջ ԿԸՀ կայացրած այն որոշումը, որով ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանի կողմից Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը չէր համարվել ընտրական օրենսգրքի խախտում:

«Բարեւ Երեւան»-ը տեղեկացնում է նաեր, որ նշված միջոցառման ընթացքում կանանց և աղջիկներին բաժանվում էին ծաղիկներ Տարոն Մարգարյանի անունից, ինչը «Բարև Երևան»-ի կարծիքով հանդիսանում է Տարոն Մարգարյանի քարոզչություն՝ հարկատուների գումարների հաշվին:

Վարչական դատարանից հայցվոր Դանիել Իոաննիսյանը խնդրում է նշված միջոցառումը որակել որպես թեկնածուի անունից քաղաքացիներին անվճար ապրանքների և ծառայությունների մատուցում, ինչը խստիվ արգելված է ՀՀ ընտրական օրենսգրքով:

Քաղաքապետարանի կողմից կատարված այս խախտումը նկարահանվել է «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստների կողմից:
http://www.youtube.com/watch?v=wSZTqme3Veo

Դատարանի նիստը տեղի կունենա այսօր ժամը 16:00-ին:

Բացի այդ, Դանիել Իոաննիսյանը ընտրախախտումների մասին տեղեկություններով արդեն 2-րդ դիմումն է ներկայացրել ԿԸՀ: Դիմումով, բացի խախտումները վերացնելուց և մեղավորներին պատժելուց, ԿԸՀ-ից պահանջվում է դիմելով դատարան չեղյալ համարել Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը, քանի որ վերջինս բազմաթիվ խախտումներ է կատարել:

Այս դիմումի քննարկումը հավանաբար կկայանա հաջորդ շաբաթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում