Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա և Միջազգային հարաբերությունների ինստիտուտ

Ապրիլի 26-ին պաշտոնական այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա, որտեղ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթ ունեցավ Մոսկվայում հավատարմագրված դեսպանների, ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների, Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ունկնդիրների առջև։

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց հայ-ռուսական համագործակցության, հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների, եվրոպական, ամերիկյան, ասիական, արաբական և այլ ուղղություններով ՀՀ արտաքին քաղաքականության մասին բազմաթիվ հարցերի։

Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Եվգենի Բաժանովի հետ։

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց արդեն քսան տարի հայ դիվանագետներին Ակադեմիայում պատրաստելու համար՝ նշելով, որ Դիվանագիտական ակադեմիայի շրջանավարտներից շատերը դարձել են դեսպաններ և տարբեր երկրներում ներկայացնում են Հայաստանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Եվգենի Բաժանովը պայմանավորվածություն ձեռք բերեցին առավել սերտ համագործակցություն հաստատել ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում