ԱԳ նախարարը հանդիպեց Հայաստանում հավատարմագրված ոչ ռեզիդենտ դեսպաններին

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը  Մոսկվայում ՀՀ դեսպանատանը հանդիպեց Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երեք տասնյակ երկրների դեսպանների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, պատասխանեց դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների բազմաթիվ հարցերի։

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանն այցելեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՈ), ուր բուհի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ քննարկեց ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի և ՄԳԻՄՈ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

ԱԳ նախարարը և ՄԳԻՄՈ-ի ռեկտորը ներկա գտնվեցին բուհի հայ շրջանավարտների ակումբի շնորհանդեսին: Ողջունելով ակումբի հիմնադրման նախաձեռնությունը՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնող խմբին և կարևորեց նման կառույցի ստեղծումը, որը միավորելու է տարբեր տարիներին ՄԳԻՄՈ-ն ավարտած հայազգի շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ այդ կառույցը կնպաստի հայ-ռուսական կապերի առավել ամրապնդմանը:

Մոսկվայում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն, ուր հանդիպում ունեցավ ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ։

Նույն օրը երեկոյան ավարտելով այցելությունը’ նախարար Նալբանդյանը վերադարձավ Երևան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում