Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթի հայտերն ընդունվում են մինչև մայիսի 5-ը

Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթի հայտերն ընդունվում են մինչև մայիսի 5-ը

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսի 10-12-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը։ Մասնակցել կարող են ՀՀ, ԱՀ և Սփյուռքի՝ մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողներ։ Այս տարի մրցույթը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին։

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ մրցույթի ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները, բացի գործիքային մեկ ստեղծագործությունից, պետք է ներկայացնեն նաև մեկ երգ, որը նվիրված կլինի քաղաքամայր Երևանին։ Ի դեպ, լավագույն երգը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի պատվոգրով:

Կրտսեր խմբում (մինչև 13 տարեկան) նախորդ տարիների համեմատ նույնպես կատարվել է փոփոխություն․ պատանի կոմպոզիտորը կարող է ներկայացնել ցանկացած գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ նախկին պարտադիր պայման դաշնամուրային ստեղծագործության փոխարեն։

Կոմպոզիտորական ստուգատեսի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ դիպլոմներով, խրախուսական նվերներով։ Մրցույթի երկու ենթախմբերի հաղթողները կպարգևատրվեն նաև դրամական պարգևներով: Երկու ենթախմբերի հաղթող մասնակիցների ուսուցիչները ևս կպարգևատրվեն դրամական պարգևներով։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 5-ը:

Սկզբնաղբյուր՝ Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում