«Գիրք կարդալը դարձրեք նորաձև»․ նախարար Ամիրյանի պահանջն ուղղված է մարզային գրադարանների պատասխանատուներին

«Գիրք կարդալը դարձրեք նորաձև»․ նախարար Ամիրյանի պահանջն ուղղված է մարզային գրադարանների պատասխանատուներին

«Գիրք կարդալը դարձրեք նորաձև, կրկնապատկեք ու եռապատկեք ակտիվ ընթերցողների թիվը». նախարար Ամիրյանի պահանջն ուղղված էր Լոռու, Կոտայքի ու Արագածոտնի մարզային գրադարանների տնօրեններին, որոնք նախարարություն էին ներկայացել տարեկան հաշվետվություններով: Նախարարն իրավիճակը բարելավելու և մարզային կառույցի համար ոչ այնքան դյուրին խնդիրը լուծելու բազմաթիվ տարբերակներ առաջարկեց:

Մասնավորապես, Կոտայքի մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Խեչոյանին առաջարկեց մտածել շրջիկ գրադարան ստեղծելու մասին: Ողջ Հրազդան քաղաքը սպասարկելու համար հնարավոր համարեց նաև քաղաքի մեկ այլ տարածքում գրադարանի փոքրիկ մասնաճյուղ ստեղծելու հնարավորությունը: Առաջարկեց ակտիվորեն համագործակցել այցելուներով հարուստ Ծաղկաձորի հյուրանոցների հետ:

Համագործակցության տարբերակներ ու գաղափարներ առաջարկեց նաև Արագածոտնի մարզային գրադարանի տնօրեն Լուսինե Կիրակոսյանին. աշխատել տեղի Հայորդաց տան հետ, հետաքրքիր միջոցառումներ իրականացնել Աշտարակում գործող Պերճ Պռոշյանի թանգարանում և այլն:

Լոռու մարզային գրադարանի տնօրենին առաջարկեց համագործակցել Վանաձորի թատրոնի հետ. դերասանների օգնությամբ կազմակերպել հանրային ընթերցումներ մարդաշատ վայրերում, Տեխնոլոգիական կենտրոնի տնօրենության հետ քննարկել վերջինի տարածքում գրադարանի փոքրիկ մասնաճյուղ հիմնելու հնարավորությունը:

Արմեն Ամիրյանի համոզմամբ, հանրությանը գրքին մոտեցնելու և գիրք կարդալը նորաձև դարձնելու համար պետք է օգտագործել եղած բոլոր հնարավորությունները

«Մի՛ վախեցեք համագործակցությունից: Բաց եղեք ու «ընկերություն արեք» տարբեր կառույցների հետ: Առանց առողջ համագործակցության ոչինչ չի ստացվի: Մենք պետք է կարողանանք մտածել միևնույն հարթության մեջ: «Գրկաբաց» ընդունեք նոր գաղափարները, ինքներդ ոգևորվեք դրանցով ու «անհանգստացրեք» մեզ անընդհատ»,-առաջարկած համարձակ ծրագրերից փոքր-ինչ վախվորած Լոռու մարզային գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանին ասաց Արմեն Ամիրյանը:

Գրադարանի տնօրենն ասաց, որ ընթերցողների և այցելուների թիվն ավելացնելու որոշակի քայլեր արդեն ձեռնարկել են. 2017-ի հուլիսից գրադարանում գործում է մանկական ժամանցային կենտրոնը: Ընթացքի մեջ է LOFT-ի հետ համագործակցության ծրագիրը: Տնօրենը նախարարի հետ խորհրդակցեց գրադարանի հարակից տարածքում գրադարան-սրճարան ստեղծելու հնարավորության շուրջ:

Փոքրիկ վիճակագրություն. 2017-ին Լոռու մարզային գրադարանն ունեցել է շուրջ 12 հազար, Կոտայքի մարզային գրադարանը՝ 5764, իսկ Արագածոտնի մարզային գրադարանը 4402 մշտական ընթերցող:

Ալիսա Գևորգյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում