Արմինե Գևորգյանի ձեռագործ զարդերը՝ Փարիզում

Արմինե Գևորգյանի ձեռագործ զարդերը՝ Փարիզում

«Alexis Accessories» ապրանքանիշի հեղինակ, նկարիչ-մոդելավորող Արմինե Գեւորգյանն օրեր առաջ Փարիզում մասնակցել է ոլորտի ամենահեղինակավոր եվրոպական ցուցահանդեսներից մեկին՝ «BIJORHCA»-ին, որն անցկացվում է տարին երկու անգամ, բազմաթիվ բրենդային աքսեսուարների, ձեռագործ զարդերի ցուցադրության ու վաճառքի նպատակով։

Արմինեի տասնյոթ աշխատանքները ներկայացնող տաղավարն ընդգրկվել է ցուցահանդեսի «թրենդային» գոտում։

Հինգօրյա ցուցահանդեսի ընթացքում համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բրազիլիայի ներկայացուցիչների հետ։

«Շատ մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը նման հեղինակավոր ցուցահանդեսին, որտեղ աշխարհի նորաձեւության տների, դիզայներների, հավաքածուների ներկայացուցիչները շրջում են տարբեր հարթակներով ոլորտի տարվա նորություններին ծանոթանալու եւ համագործակցելու համար», նշում է Արմինեն։

«Alexis Accessories» աքսեսուարները ձեռքի յուրօրինակ աշխատանքներ են, որոնք շուկա են դուրս գալիս որպես էքսկլյուզիվ նմուշ։ Հիմնական աշխատանքային նյութը հայելին եւ վիտրաժային ապակին է։

«Alexis Accessories» զարդերը կրում են Նադեժդա Բաբկինան, Անժելիկա Վարումը, Ալեքսանդր Բույնովը, Նազենի Հովհաննիսյանը, Լուսինե Բադալյանը, Կարինե Խոդիկյանը, Շուշանիկ Արեւշատյանը, մշակույթի, շոու-բիզնեսի, բժշկական ոլորտի այլ հայտնի ներկայացուցիչներ։

Անուշիկ ԳԻՇՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում