ԱԺ քառօրյա. տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության քվեարկությունը. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության քվեարկությունը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 94 պատգամավոր:

Ժամը 10:30-11:30-ը կկայանա Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների ընտրության քվեարկությունը:

Ազգային ժողովի ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել են Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները:

Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունն առաջադրվել է 5-ամյա, իսկ Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունը՝ եռամյա ժամկետով:

Ժամը 13:00-14:00-ն տեղի կունենա Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը: Հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է Գևորգ Կոստանյանի թեկնածությունը. նա այդ պաշտոնում կփոխարինի Հրայր Թովմասյանին, ում թեկնածությունն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում:

Փետրվարի 28-ի նիստում պատգամավորները կքննարկեն նաև Սումգայիթում հայերի կոտորածների 30-ամյա տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծը, որն արժանացել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հավանությանը:

Ժամը 16:30-ին խորհրդարանում կմեկնարկի կառավարության հետ հարց ու պատասխանը, որի ընթացքում կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների բանավոր հարցերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում