Գիշերը դրսում

Գիշերը դրսում

Գնելն ասաց մայրիկին․
– Նայիր, այնտեղ՝ պատի տակ,
Պառկել է մի նապաստակ։
Մայրը նայեց պատի տակ,
Տեսավ՝ կոտրած մի տաշտակ։

Գնելն ասաց հայրիկին․
– Նայիր, բարձր այն ծառին
Իջան կանաչ աստղիկներ։
Հայրը նայեց սև ծառին,
Տեսավ՝ կատվի աչիկներ։

Գնելն ասաց մայրիկին,
Գնելն ասաց հայրիկին․
– Նայեք, այնտեղ՝ սարերին
Ելավ արևը սիրուն։
Հայրիկ-մայրիկ նայեցին,
Տեսան՝ լուսինն է փայլուն։

Ամոթ մեր լավ Գնելին,
Նրան գիշերն է խաբում,
Նա էլ՝ հայրիկ-մայրիկին։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում