Մեդեա Աբրահամյան․ «Տխուր եմ, բայց կուզենամ լավ բաների մասին խոսել»

Մեդեա Աբրահամյան․ «Տխուր եմ, բայց կուզենամ լավ բաների մասին խոսել»

Մարտի 1-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ Հայաստանի ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, աշխարհահռչակ թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանին նվիրված հոբելյանական հանդիսություն, որին ներկայացվեց Սերգեյ Մանվելյանի «Մեդեա Աբրահամյան» աշխատությունը:

Aravot.am-ի հետ զրույցում գրքի հեղինակը նշեց, որ ժողովածուում ամփոփված են լեգենդար թավջութակահարուհու կյանքի, բեմական գործունեության մասին արժեքավոր նյութեր` հուշեր, հոդվածներ, ազդագրեր, լուսանկարներ, նամակներ ու այլ բնույթի վավերագրեր, որոնց մի մասը հրապարակվում է առաջին անգամ:

Նաեւ գրաֆիկա կա, որ նկարել է արվեստագետը: «Ներկայացրել ենք նաեւ իր նվագացանկը, իհարկե, հնարավոր չէր նշել օտարազգի կոմպոզիտորներից շատերին, որոնց գործերն առաջին անգամ կատարել է Մեդեա Աբրահամյանը, շատ ստեղծագործություններ հենց իրեն են ձոնվել: Հայաստանում չկա նման դասական երաժիշտ, որին այդքան գործեր ձոնված լինեն: Որպես առաջին կատարում`նա 100-150-ից ավելի գործ է կատարել, մի քանի տասնյակ հայ եւ օտարազգի կոմպոզիտորներ գրել են Մեդեա Աբրահամյանի համար, որ հենց նա առաջինը կատարի:

Ինքը նաեւ մեր հայազգի առաջին միջազգային մրցույթի դափնեկիրն է, Մստիսլավ Ռոստոպովիչի առաջին ուսանողն է եւ առաջին հայ ուսանողը: «Առաջին» բնորոշումը շատ հաճախ է հնչում Մեդեա Աբրահամյանի ստեղծագործական գործունեության մասին խոսելիս»,-ասաց Սերգեյ Մանվելյանը:

Մեդեա Աբրահամյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ հուզված է գրքի լույսընծայման առիթով. «Ուրախ եմ, որ հիշում են ինձ, իմ կոմպոզիտորներն են եկել այստեղ, իմ դաշնակահարները, ընկերները, դասատուները, Մարիամ Տոնյանը, որ 98 տարեկան կին է, բայց եկել է…Կարծում եմ, որ ինչ-որ մի տեղ երջանիկ եմ, թեեւ դժգոհության առիթ էլ կա, մենակ եմ ապրում: Տխուր եմ, բայց հիմա շատ լավ եմ զգում, որ այս պահին հարցազրույց եմ տալիս, կուզենամ միայն լավ բաների մասին խոսել»: Թավջութակահարուհին ասաց, որ զբաղվել է իր սիրելի գործով. «Կարծել եմ, որ պետք է պարտադիր նվագեմ մեր հայ կոմպոզիտորների գործերը, թիվը մոռացել եմ, բայց կարծում եմ, որ մի 50-55 գործ նվագել եմ նրանցից»:

Մեդեա Աբրահամյանը հավաստիացնում է, որ այսօր էլ բավականին լավ երաժիշտներ կան. «Միշտ էլ կլինեն, ուղղակի պետք է լուրջ մոտենալ, լավ դասատուների մոտ սովորել: Չէի ուզենա, որ լավագույն երաժիշտները Հայաստանից հեռանային»:

Մեդեա Աբրահամյանն իր հուշերում գրում է, որ իրեն Մեդեա է անվանակոչել իր տատիկը` ներշնչվելով «Մեդեա» ներկայացման հերոսուհու` Մեդեայի կերպարից: Նրա տատիկը` Սաթենիկ Աբրահամյանը, 1920-30-ական թվականներին խաղացել է Հայաստանի նորաստեղծ առաջին պետական թատրոնին կից ստուդիայում, որտեղ նրա խաղընկերներն են եղել Գուրգեն Ջանիբեկյանը, Ռուզաննա եւ Վավիկ Վարդանյանները եւ ուրիշներ: Կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Մեդեա Աբրահամյանին ճանաչում է 50-ականներից:

«Մեդեա Աբրահամյանը մի հատկություն ունի, որը ես անվանում եմ դիվանագիտություն, ինքը պրոպագանդել է հայ երաժշտությունը, հիմա քիչ են անում կամ չեն անում: Ուրախ եմ, որ 50-ականներից մինչեւ հիմա մենք ընկերություն ենք անում»,-ասաց կոմպոզիտորը:

ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ բախտավորություն է ունեցել Մեդեա Աբրահամյանի հետ նույն երաժշտական դպրոցում սովորել. «Ես մի քանի դասարան բարձր եմ եղել նրանից: Մենք ամբողջ կյանքում եղել ենք լավագույն բարեկամներ: Մեդեա Աբրահամյան ասելիս մենք գործ ունենք լավագույն մասնագետ թավջութակահարի հետ, որը տվել է բազմաթիվ տաղանդավոր աշակերտներ, էլ չեմ ասում, որ ինքը հոյակապ նվագում էր: Ես այն երջանիկներից եմ, որ հաճախ նրա հետ ելույթ եմ ունեցել»:

Կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը Մեդեա Աբրահամյանին որակում է երեւույթ հայ մշակույթում. «Նա շատ վառ անձնավորություն է, գրեթե բոլոր կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարել է, շատ բարձր մակարդակով հանդես է եկել եւ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս: Շատ եմ ցավում, որ ինձ բախտ չի վիճակվել աշխատել Մեդեա Աբրահամյանի հետ, բայց ես շատ բարձր եմ գնահատում նրա արվեստը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում