Ուլիխանյան. Հանդիսատեսը շատ լավ ընկալում և ընդունում է բարձրարժեք գործերը

Ուլիխանյան. Հանդիսատեսը շատ լավ ընկալում և ընդունում է բարձրարժեք գործերը

Մարտի 5-ին Երևանում կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը. այն այս տարի նվիրվում է մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին։ Փառատոնի ընթացքում կներկայացվեն ինչպես Գրիգոր Եղիազարյանի, այնպես էլ մեր ժամանակակից կոմպոզիտորների գործեր։

Գրիգոր Եղիազարյան ֆեստի ընթացքում Սարյանի անվան լարային քառյակի կողմից կներկայացվի նաև Մարտին Ուլիխանյանի թիվ 3 լարային կվարտետը՝ «7 մահացու մեղքեր»։

Panorama.am-ի հետ զրույցում Ուլիխանյանը բարձր է գնահատում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի դերը մեր երաժշտական կյանքում և հատկապես այն փաստը, որ փառատոնն այս տարի նվիրված է Գրիգոր Եղիազարյանի մշակութային ժառանգությանը։

Նրա խոսքով, Գրիգոր Եղիազարյանը հայկական սիմֆոնիկ երաժշտության դասականներից է, մեծ ներդրում է ունեցել մեր կոմպոզիտորական դպրոցի ձևավորման գործում։ Եվ նրան նվիրված փառատոնը կնպաստի, որպեսզի երաժշտասեր հանրությունը շփվի Եղիազարյան կոմպոզիտորի արվեստի հետ։

Մարտին Ուլիխանյանը նկատում է, որ հանդիսատեսը նոր ստեղծագործություններ լսելու պահանջ ունի, շատ լավ ընկալում և ընդունում է բարձրարժեք գործերը։ Բայց նաև շատ կարևոր է, որպեսզի մեր կոլեկտիվները կատարեն նրանց երաժշտությունը։

«Դրսում ապրող հայ կոմպոզիտորները շատ մեծ հաջողությունների են հասնում։ Մեր երաժիշտները շատ տաղանդավոր են։ Որտեղ էլ լինեն, իրենց ուրույն տեղը գրավում են։ Որքան ծանոթ երաժիշտներ ունեմ դրսում, լավ համբավ ունեն։ Եվ շատ լավ կլինի, որպեսզի Հայաստանը հնարավորություն ունենա մեր կոմպոզիտորների գործերը արտասահմանում հնչեցնել։ Կոմպոզիտորների համար շատ կարևոր է, որպեսզի պատվերներ ստանան։ Հայաստանը նման պատվերներ տալու հնարավորույթուն չունի. այդ պատճառով պետք է հետաքրքրություն առաջացնել այլ մարդկանց մոտ, որոնք հնարավոր է գործ պատվիրեն, ինչի շնորհիվ կզարգանա մեր կոմպոզիտորական արվեստը»,- ասում է Մարտին Ուլիխանյանը։

Այդ առումով նա կարևորում է հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, ընդգծում դրա դերակատարումը երաժշտական ժառանգության պահպանման գործում։ Այս տարիների ընթացքում փառատոնի կողմից թվայնացվում, ձայնագրվում են հայ կոմպոզիտորների գործերը՝ դրանք հետագայում սերունդներին փոխանցելու նկատառումով։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում