Գառնիկ Իսագուլյան. Ռոբերտ Քոչարյանի գույքի հայտարարագիրը փաստ չէ նրան դատի տալու համար

«Այն բոլոր մարդիկ, ովքեր խնդիրների լուծման համար նամակ են գրում Վլադիմիր Պուտինին, անլուրջ մարդիկ են ու դրանով վարկաբեկում են մեր երկիրը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Բանախոսի խոսքով` Հայաստանին վերաբերվող խնդիրները պետք է լուծվեն ներսում: Դրա համար պետք չէ նամակ գրել Ռուսաց թագավորին, և դրսում փնտրածը կապ չունի Հայաստանի հետ:

«Ես չեմ ասում՝ կոռուպցիա չկա, բայց օրինակ, Գառնիկ Մարգարյանը չի ասում կոնկրետ փաստեր: Այսօր մոդայիկ է դարձել Ռոբերտ Քոչարյանի անունը տալը, բայց դա փաստ չէ, մարդու գույքի հայտարարագիրը փաստ չէ, որի հիման վրա նրան կարելի է դատի տալ: Կան լուրջ կազմակերպություններ, որոնք հարմար պահի են սպասում իրենց փաստերը ներկայացնելու համար: Պետք է սպասել’ մինչև համապատասխան միջավայրի ձևավորվելը: 2015 թվականի սեպտեմբերի 21-ից հետո շատ բան կփոխվի»,- ասաց Գ. Իսագուլյանը:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ ռուսական հակակոռուպցիոն կազմակերպությունը ՌԴ դատախազություն հայց էր ներկայացվել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Նաև նշվում է, որ նյութերը ՌԴ հակակոռուպցիոն կազմակերպությանը տրամադրել է Հայաստանի «Հակակոռուպցիոն» հասարական կազմակերպության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում