Ալբերտ Մկրտչյանի Տապան անունով տունն ու անավարտ մնացած ֆիլմը. Ռեժիսորի հետ անցկացրած պահերը վերհիշում է դերասանուհի Անահիտ Քոչարյանը

Ալբերտ Մկրտչյանի Տապան անունով տունն ու անավարտ մնացած ֆիլմը. Ռեժիսորի հետ անցկացրած պահերը վերհիշում է դերասանուհի Անահիտ Քոչարյանը

1937թ. փետրվարի 27 – 2018թ. փետրվարի 28. Ճակատագրի հեգնանքով ուղիղ 81 տարի ու մեկ օր ապրեց ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր ու սցենարիստ Ալբերտ Մկրտչյանն՝ իր հետ տանելով հայկական կինոյի գյումրվա կոլորիտը: Ու թեև վերջին տարիներին կինոոլորտում անվանի ռեժիսորն այնքան էլ մեծ ակտիվություն չէր ցուցաբերում, միևնույն է, նրա ստեղծած մեկ տասնյակից ավելի ֆիլմերն էլ բավական են հայ կինոյի պատմության մեջ հաստատուն ձեռագրով հարատևելու համար:

Նրա մասին անցյալով խոսելը բարդ է հատկապես մտերիմների, ընկերների համար: ՀՀ Ժողովրդական արտիստուհի Անահիտ Քոչարյանը վարպետի հետ աշխատել է ոչ միայն ֆիլմերում, այլև՝ թատրոններում. 1995թ.-ից 1999 թվականը՝ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական, հետագայում էլ՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում են համագործակցել:

Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին ջանում, բայց դժվարանում էր թաքցնել արցունքները. մեկ ժպիտով ու զրնգուն ծիծաղով, մեկ էլ՝ ափսոսանքով ու թախիծով էր վերհիշում ավագ ընկեր-գործընկերոջ հետ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթը:

Հումորով սցենարիստ-ռեժիսորը կենսախինդ ու սրամիտ էր նաև կյանքում

Իմ կյանքում իրենից ավելի հետաքրքիր մարդու, իսկապես, չեմ հանդիպել: Արվեստագետ էր ուղն ու ծուծով, սովորական ամեն մի օր կարող էր տոն դարձնել: Իր դիտողականությունը, նրբանկատությունը, տարբեր երևույթներին վերաբերմունքն ու վերլուծությունը ապշեցնում էին: Հետաքրքիր էր, գունեղ, հումորով: Շատերը խաբվում էին իր կոպիտ ու խիստ արտաքինին, բայց դրա տակ նուրբ ու խորը, բարի հոգի էր թաքնված:

Էդ ո՞վ ա քեզ նեղացրել…

Երբեմն կարծիքներ էի լսում, որ ինձ մոտ տպավորություն էր ստեղծվում, թե ուրիշ մարդու մասին է: Այս տարիների ընթացքում ես երբեք չեմ տեսել չար կամ հիշաչար Ալբերտ Մկրտչյանի: Աշխատանքի ընթացքում կարող էր շատ էմոցիոնալ լինել, բղավել, բայց դա այնքան նորմալ, բնական աշխատանքային վիճակ էր, որ հասկանալի էր՝ մարդուն, անձին չի վիրավորում: Փորձից հետո նույնիսկ մոռանում էր, որ, գուցե, մի քիչ ավելի կոպիտ է եղել: Կարող էր ներողություն խնդրել ու ասել՝ էդ ո՞վ ա քեզ նեղացրել, ես գիտեմ, թե դրան հիմա ինչ կանեմ (ժպտում է՝ հեղ.):

Մուշեղիչն այդ բնակարանի անունը դրել էր Տապան

Գյումրու թատրոնում աշխատելու ընթացքում մոտ 10 հոգանոց խմբով Մուշեղիչի հետ շատ մտերմացանք: Թատրոնն իրեն այստեղ բնակարան էր հատկացրել, Մուշեղիչն էլ այդ բնակարանի անունը դրել էր Տապան՝ Նոյան տապան: Գրեթե ամեն օր փորձերից հետո ասում էր՝ գնում ենք Տապան: Ճանապարհին պարտադիր առևտուր էր անում, բոլորով համեղ ուտեստներ էինք պատրաստում, ուտում ու ներկայացման փորձը շարունակում մեր Տապանում:

4 տարի, կարելի է ասել, ամեն օր իր տանն էինք լինում, մինչև ուշ գիշեր կարող էինք խոսել, վիճել, պիեսներ կարդալ: Մի օր էլ իր տանը հավաքված ինչ-որ գործ էինք կարդում, ու պատահաբար Երևանից իր տղան` Մուշեղը եկավ (Մուշեղ Մկրտչյանն այժմ բնակվում է Բրյուսելում՝ հեղ.) Խեղճ տղան զարմացել էր, որ մարդիկ կարող են այդպես հավաքվել, նստել ու միասին կարդալ: Բայց այդպես են անցել Գյումրիի թատրոնի մեր 4 տարիները, երբ շատ լավ, գեղեցիկ ներկայացումներ ծնվեցին: Իր հետ աշխատելով՝ ինձ համար դերասանի մասնագիտության մեջ բոլորովին ուրիշ խորքեր էին բացվել…

1999 թվականին սկսեցինք «Ուրախ ավտոբուս»-ի նկարահանումները: Ճիշտ է, ֆիլմը Գյումրիում էր նկարվում, բայց ինքն արդեն տեղափոխվել էր Երևան: 2007թ.-ին էլ նկարահանեց ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Տխուր փողոցի լուսաբացը»: Ես այդ ընթացքում արդեն աշխատում էի նաև Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում, մեր բարեկամությունն ու ընկերությունը չընդհատվեց:

Սիրում էր զբոսնել իր մանկության թաղերում

Երբ Գյումրի էր գալիս, առաջին հերթին թատրոն էր մտնում, հետո՝ գնում ընկերների մոտ: Այստեղ իրեն հավատարիմ, հարգող ու սիրող շատ ընկերներ ուներ: Սիրում էր զբոսնել իր մանկության թաղերում, ուսանողներին էլ երբեմն իր հետ էր տանում ու պատմում ամեն մի տան պատմությունը:

2015 թվականին արտիստական թատրոնը հանձնեց որդուն՝ Մհեր Մկրտչյանին

Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում առողջական վիճակն արդեն լավ չէր. իր մոտ սկլերոզ էր սկսվել, որը գնալով խորանում էր: Որոշ հարցերում ադեկվատ չէր, որոշներում էլ անտարբեր էր դարձել: Կտրվում էր իրականությունից, պահի տակ կարող էր չմտաբերել այն մարդկանց, որոնց ամբողջ կյանքում ճանաչել է: Այդ ամենի պատճառը չարաբաստիկ հիվանդությունն էր:

Ֆիլմ, որը չավարտեց

Վերջերս նոր ֆիլմ էր ձեռնարկել՝ Սոս Սարգսյանի «Լակոտը» վիպակի հիման վրա: Ֆիլմի աշխատանքները սկսեցինք, բավական նկարեցինք, բայց հիվանդությունն արդեն գլուխ էր բարձրացնում… Սա այնպիսի հիվանդություն է, որը վերահսկել չի լինում: Դրանով տառապող մարդիկ նույն տեղում չեն սիրում մնալ, անընդհատ փախչում են: Վարպետն էլ նկարահանման հրապարակում չէր մնում: Իր իսկ ցանկությամբ հրաժարվեց ֆիլմից՝ այն ավարտին չհասցնելով: Դա ճիշտ որոշում էր:

Ճարպակալած ու անհոգի մարդիկ

Մի անգամ շատ մտահոգ սկսեց խոսել երկրի վիճակից, ճարպակալված ու անհոգի մարդկանց մասին: Դա մոտ 15 րոպեանոց մոնոլոգ էր, նույնիսկ մոռացել էր, որ իր շուրջը մարդիկ կան: Այդպիսի խորը, անկեղծ ցավով խոսել երկրի, վերևներում ժողովրդի նկատմամբ ունեցած անտարբերության մասին՝ ոչ բոլորն են կարող: Շատ եմ ափսոսում, որ գաղտնի չնկարեցի իրեն: Դա մի հանճարեղ մենախոսություն էր… Նրան միշտ անհագնստացրել է այն, ինչն այսօր կա ու շարունակվում է մեր երկրում:

Լավ կլիներ, որ ապրեր մեր կողքին, բայց այսօր իր տեղը Պանթեոնն է

Մեկ –մեկ ասում էր՝ ուզում եմ մամայիս մոտ լինեմ, մենք էլ հակադարձում էինք, թե մեկ է, այդպես չի լինելու, հետագայում իր տեղը Պանթեոնն է լինելու: Իր մայրն էլ Երևանում է ննջում, բայց… Լավ կլիներ, որ ապրեր ու մեր կողքին լիներ, բայց քանի որ այսպես եղավ՝ իր տեղը Պանթեոնն է: Հազար ափսոս…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում