«Մենք կորցրեցինք Մկրտչյանների ընտանիքի վերջին մոհիկանին».վերջին հրաժեշտը՝ Ալբերտ Մկրտչյանին

«Մենք կորցրեցինք Մկրտչյանների ընտանիքի վերջին մոհիկանին».վերջին հրաժեշտը՝ Ալբերտ Մկրտչյանին

Արվեստասեր հասարակայնությունն այսօր վերջին հրաժեշտը տվեց հայկական կինոյի մեծանուն վարպետներից մեկին՝ կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանին: Հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում:

Վերջին հրաժեշտը տալու էին եկել դերասաններ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, հասարակ քաղաքացիներ:

«Նրանք հեռանում են մեզանից՝ բաժին թողնելով ցավ ու խորը կսկիծ: Ինձ համար հարյուրապատիկ ցավալի է, որ մեզանից հեռանում է հայ բեմադրիչը, հայ ստեղծագործողը: Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը հայի մասին էին, նա ներկայացրեց հայի դարդը, վիշտը»,- ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:

Նրա խոսքով՝ Ալբերտ Մկրտչյանը հայկական կինոյի նշանակալից դեմքերից էր. «Հայկական կինոյի հսկայական վարարուն գետում նա կարողացավ իր վտակը՝ մկրտչյանական վտակն առանձնացնել»:

Երվանդ Ղազանչյանը հիշեց «Մեր մանկության տանգոն» ֆիլմի նկարահանման անմոռանալի օրերը:«Գյումրիում, ֆիլմի նկարահանման ժամանակ, երկու եղբայրը, Գալյան և ես գիշերներ էինք լուսացնում, ուրախանում, զարմանում էինք Ֆրունզիկի, Ալբերտի հումորով: Ափսոս, հազար ափսոս, ամեն ինչ անցողիկ է: Թող Ալբերտը լույսերի մեջ մնա: Նա Ֆրունզե Դովլաթյանից, Հենրիկ Մալյանից հետո դարձավ ազգային կինոյի նշանակալից երևույթներից մեկը»,- նշեց Երվանդ Ղազանչյանը:

Լենինականի (ներկայում` Գյումրի) քաղաքային կոմիտեի նախկին քարտուղար, պետական գործիչ Դոնարա Հարությունյանը մտերիմ էր Մկրտչյանների ընտանիքի հետ, Ալբերտին փոքր տարիքից ճանաչում էր:

«Մենք կորցրեցինք Մկրտչյանների ընտանիքի վերջին մոհիկանին: Բնությունը կատարյալ լինելով հանդերձ՝ երբեմն կարողանում է առանձին մարդկանց բաժին հանել այդ կատարելությունից: Այդ բաժինն ընկել էր Մկրտչյաններին, համեստ ընտանիքի զավակներին»,- ասաց Դոնարա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Ալբերտն ամեն ինչը հոգով ու սրտով էր անում, նա ոչ թե պարտականություն էր կատարում, այլ պարզապես միշտ կարողանում էր խորանալ գործի էության մեջ. ««Մեր մանկության տանգոն» ֆիլմի նկարահանումներին մասնակցում էր ամբողջ Գյումրին, բոլորն ուզում էին ինչ-որ բանով օգնել, բացի այդ, գյումրեցիները սիրում էին Մհերին ու Ալբերտին: Այսօր մեծ ցավ եմ ապրում, հայ ժողովուրդը, մտավորականությունը կորցրեց մի շատ երևելի մարդու: Նա գնաց հավերժություն: Մենք միշտ հիշելու ենք Մհեր և Ալբերտ Մկրտչյաններին՝ որպես արվեստի կարկառուն դեմքերի: Հպարտ եմ, որ նրանց ժամանակակիցն եմ եղել»:

ՀՀ վաստակավոր արտիստ Ժան Նշանյանի խոսքով՝ ցանկացած մեծատաղանդ ռեժիսորի կորստով ևս մեկ անգամ աղքատանում ենք, ինչը, բնականաբար, անդրադառնում է մշակույթի վրա: «Ցավոք սրտի, Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերում չեմ նկարահանվել, պետք է աշխատեի «Լակոտ» ֆիլմում, բայց չստացվեց: Մենք կորցրեցինք մեր հներին: Ցավոք սրտի, նրանք գնում են, բայց նրանց տեղը նորերը չեն գալիս: Ալբերտ Մկրտչյանն իր գույնն ուներ և նրա կինոն մեզ շատ պետք էր»,- ասաց դերասանը:

Դերասան Գեորգի Հովակիմյանը ռեժիսորին ճանաչել է Աճեմյանի անվան թատրոնից: Նրա գնահատմամբ՝ Ալբերտ Մկրտչյանը ոչ միայն փայլուն կինոռեժիսոր էր, այլև հիանալի բեմադրիչ:

Դերասանը միայն մեկ անգամ է բախտ ունեցել աշխատել Ալբերտ Մկրտչյանի հետ. «Ինձ բախտ վիճակվեց խաղալ Ալբերտ Մկրտչյանի բեմադրած «Վերջին ծաղրածուն» ներկայացման մեջ: Խիստ էր, երբեմն մարդիկ նրանից նեղանում էինք, բայց հետո կատակի էր տալիս, այդ ամենն անցնում-գնում էր: Բավականին հետաքրքիր էր իր հետ աշխատելը»,- ասաց դերասանը:

Գեորգի Հովակիմյանը վստահ է, որ ռեժիսորի որդին՝ Մհեր Մկրտչյանը կշարունակի հոր գործը. «Ամեն դեպքում կինոյում ապացուցում է, որ լավ ռեժիսոր է: Գերդաստանի ստեղծագործական ընթացքը շարունակվում է, փառք Աստծո»:

Ալբերտ Մկրտչյանի հրաժեշտի վերջին ակնթարթները ծափերով ու Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ եղավ, այն երաժշտությամբ, որը հնչում է «Մեր մանկության տանգոն» ֆիլմում:

Այս մասին տեղեկացնում ՝ Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում