Սերը լուսաբացի նման աստիճանաբար է հայտնվում․ Մելանի Սարգսյան

Սերը լուսաբացի նման աստիճանաբար է հայտնվում․ Մելանի Սարգսյան

Արդեն երկու գրքերի հեղինակ, 22-ամյա Մելանի Սարգսյանը սկսել է ստեղծագործել 15-16 տարեկանում: Ստեղծագործական կյանքի սկիզբ դարձան պատմվածքներն, ուր ինքն արդեն գոյություն ունեցող հերոսների մասին էր գրում՝ փոխելով նրանց կյանքն ու որոշումները: Այս ժանրը կոչվում է «ֆանֆիքշըն»:

«Ես վերցրի իմ շատ սիրելի «Վամպիրի օրագրերը» սերիալի հերոսներին ու նրանց դրեցի այլ իրավիճակներում: Հենց էստեղից էլ, կարծում եմ, սկսվեց ամեն ինչ»:

Հետո Մելանիի գլխում հայտնվեցին նոր կերպարներ, որոնք իրեն հանգիստ չէին տալիս: Նա որոշեց յուրաքանչյուրի պատմությունը վեպի տեսքով պատմելու փոխարեն կարճ պատմվածքներ գրել ամեն մեկի մասին:

«Նրանց դժվարությամբ «համոզեցի», եկանք մի հայտարարի, ու սկսվեց ավտոբուսում կարճ պատմվածքներ գրելուս շրջանը: Մինչև հիմա էլ ավտոբուսներում եմ գրում: Գրածս ստեղծագործություններից մի քանիսը տեղադրեցի գրողների կանադական հայտնի կայքում: Հենց այս շրջանի կարճ պատմվածքներս էլ մեկ-երկու տարի անց հայտնվեցին իմ առաջին տպագիր գրքում՝ «Lovember»-ում»:

«Lovember»-ը բաղկացած է 8 սիրային պատմությունից: Յուրաքանչյուր պատմություն ունի իր հերոսներն ու տարբերվում է մյուսից, միակ ընդհանրությունն աշունն է՝ նոյեմբեր ամիսը: Բառախաղը հենց դրա համար է ընտրված՝ սեր և նոյեմբեր (Love and November):

«Փոքր հասակից անգլերեն եմ սովորել ու հենց այդ լեզվով մտածել: Նույնիսկ միջնակարգ դպրոցում, երբ «կյանքի օրագիր» ասվածն էի պահում, էլի անգլերեն էի գրում: Կարծում եմ՝ երբեք էլ չեմ ազատվի այդ սովորությունից:

Իր երկրորդ գիրքը՝ «Midnight Memories»-ը (Կեսգիշերային հիշողություներ) Մելանին բնութագրեց որպես հոգեբանական ժանրի թեթև հպումով ռոմանտիկ-արկածային կատակերգություն:

«Այն սիրո, արկածների, իսկապես ապրելու, ընկերության, ընտանիքի, ամեն ինչում գեղեցիկը տեսնելու, երբեք չհանձնվելու, ինչպես նաև վշտի, միայնության մասին է: Ես ու հերոսներս հավատում ենք, որ սիրել չեն սկսում մեկ հայացքից կամ մեկ հպումից. սերը մայրամուտի ու լուսաբացի պես աստիճանաբար է հայտնվում, իսկ ինչ-որ մեկին սիրելու գիտակցումը՝ շատ պատահաբար. ասենք թե՝ փողոցն անցնելիս»:

Նոր գիրքը լույս կտեսնի այս տարի: Ի տարբերություն առաջինի՝ այն վեպ է, ու գլխավոր հերոսները երկուսն են՝ Քայն ու Սելենան: Քայը փողոցային «խենթ» նկարիչ է, ով գիշերն անց է կացնում թափառելով ու տարբեր արկածներ գտնելով:

«Նա կատակասեր է, ազատամիտ, խելացի ու գաղտնապահ: Սելենան նրա հակապատկերն է, չնայած նրա՝ սարկազմով լի պատասխաններն իրեն յուրահատուկ են դարձնում»:

«Գրածներս այն են, ինչ մտածում եմ այդ պահին: Հետո, իհարկե, շատ մասեր հանվում ու փոխվում են: Դժվար պահեր էլ լինում են: Օրինակ՝ «Midnight Memories»-ը գրելիս շատ դժվարությամբ եմ գրել վերջին գլուխը: Հիմա արդեն երրորդ գրքի մտքերս եմ իմի բերում: Այս մեկը գուցե ֆանտաստիկայի ժանրում լինի»:

Զարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում