Նկարի տղան

Նկարի տղան

Նկարում եմ
Մի բերան՝
Մեջը դեղին
Մի ծիրան։
Նկարում եմ 
Մի ականջ՝
Մեջը վարունգ
Մի կանաչ։
Նկարում եմ
Եվ մի քիթ՝
Նրա ծայրին
Մի հավկիթ։
Հետո երկու
Սև աչքեր,
Մուրաբայոտ
Թարթիչներ։
Դուրս եկավ մի
Չար տղա,
Որ ուզում է
Միշտ խաղալ։
Չի ուզում նա
Լուռ նստել
Սեղանի մոտ,
Հաց ուտել։
Բերան, ականջ,
Քիթ ու աչք
Ուտելիքով
Պինդ խցած՝
Վազում է միշտ
Իրենց բակ
Եվ հազում է
Շարունակ։
Գլորվում է 
Հավկիթը,
Դուրս է թռչում
Վարունգը,
Իսկ ծիրանը
Բերանում
Թռչկոտում է 
Ու պարում։
– Հե՜յ, նկարիչ
Մեր քեռի,
Նրա ոտքին
Ու ձեռքին
Նկարի և
Մի շղթա,
Որ սեղանի
Մոտ մնա,
Ջնջիր վարունգ 
Ու ծիրան,
Ջնջիր հավկիթ 
Ու բերան։
Թող այդ տղան
Շղթայված
Մնա մենակ
Ու սոված։
Այնքան սոված
Թող մնա,
Մինչև որ լավ
Խելքի գա։
Իսկ թե հանկարծ
Արտասվի՞․․․
Խեղճ լացկանը
Ինքն իրեն
Արցունքներով
Կջնջի։
Նկարիչը
Ծիծաղեց
Ասաց՝ տղերք,
Մի վախեք,
Այդ տղայի
Գլխի մեջ
Նկարել եմ
Մի քիչ խելք։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում