Փայտահատն ու խնձորենին

Փայտահատն ու խնձորենին

Փայտահատը կացինով
Խնձորենուն մոտեցավ,
Երկար բեղը ոլորեց,
Ծառը կտրել ցանկացավ։

Մեկ էլ՝ վերից քարի պես
Խնձորները ընկան ցած,
Կարկուտի պես թափվեցին
Փայտահատի գլխին բաց։

Վա՜յ, փայտահատ, փայտահատ,
Ու՞ր ես փախչում շնչահատ։

Հաջորդ օրը գլխարկով,
Գլուխ-երես փաթաթած
Եվ կացինը թաքցրած,
Խնձորենուն մոտեցավ
Փայտահատը զայրացած։

Մեկ էլ՝ վերից քարի պես
Թռչունները ընկան ցած,
Կտուցներով ծակեցին
Փայտահատի ձեռքը բաց,
Եվ ճանկերով փորձեցին
Հանել նրա աչքը թաց։

Վա՜յ, փայտահատ, փայտահատ,
Ու՞ր ես փախչում շնչահատ։

Հաջորդ օրը փաթաթած
Գլուխ, երես, ձեռք ու աչք
Եվ կացինը թաքցրած,
Եվ հրացան վերցրած՝
Խնձորենուն մոտեցավ
Փայտահատը չարացած։

Մեկ էլ՝ վերից քարի պես
Մեղուների պարսն ընկավ,
Փայտահատի թևքերից
Նրա շորի տակ մտան,
Եվ խայթեցին անխնա
Մեղուները բարկացած։

Գցեց կացին, հրացան
Փախավ մառանը իր տան
Փայտահատը խենթացած։

Վա՜յ, փայտահատ, բեղդ ցից,
Վաղը կգա՞ս դու նորից։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում