Տեղի կունենա Ռեմարկի «Հաղթական կամարը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Տեղի կունենա Ռեմարկի «Հաղթական կամարը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից մեկը՝ հայերեն թարգմանությամբ: Մարտի 10-ին, ժամը 17:00-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում տեղի կունենա հայտնի գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող հեղինակներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Տեղեկացնում է Panorama.am-ը։

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, բնագրից՝ գերմաներենից թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի:

«Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար» վեպը երկու դար շարունակ մոլորակի տարբեր հատվածների ընթերցող լայն զանգվածների ամենասիրելի գործերից է: Գործողությունները տեղի են ունենում Փարիզում, 1938-1939 թթ.: Ռեմարկին հասկանալը դժվար չէ, պարզ է գրում, բայց այդ պարզությունն է, որ դժվարացնում է թարգմանության գործընթացը, որովհետև, որքան էլ արտառոց թվա, պարզ տեքստը թարգմանելն ավելի բարդ է, քան դժվարը»,- հրատարակչության փոխանցմամբ՝ նշել է գրքի թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը, ով նաև հայերեն է թարգմանել Ռեմարկի «Երեք ընկեր»-ը:

Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ Վանուհի Բաղմանյանը թարգմանում է Ռեմարկի արդեն երրորդ վեպը՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» գործը, որը «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ շուտով ևս կհանձնվի ընթերցողի դատին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում