Ռոբերտ Ամիրխանյանը դիմել է նախագահին

Ռոբերտ Ամիրխանյանը դիմել է նախագահին

Aravot.am-ը տեղեկացրել էր Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանի այն մտահոգության մասին, որ երգչախումբը կարող է փաստի առաջ կանգնել, եթե ճանապարհածախսի գումարի հարցը չլուծվի, եւ Բերկլի համալսարանի դահլիճում նախատեսված համերգը չկայանա, որի մասին արդեն տեղեկատվություն է զետեղված համապատասխան կայքում:

Կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը Aravot.am-ին հայտնեց, որ բարեբախտաբար, իրենց խնդրին լուծում է տրվել:

«2016 թվականից նախապատրաստվում էինք այդ կարեւոր միջոցառմանը, եւ մինչեւ վերջերս ֆինանսավորում չունեինք: Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը դիմել էր նախագահ Սերժ Սարգսյանին, խոսել էր համերգի կարեւորության մասին, ու շատ արագ ձեւով արձագանքել էր նախագահը: Երկու օրվա ընթացքում էլ ստացանք ողջ ֆինանսավորումը:

Համերգը նախատեսված է ապրիլի 14-ին: Եթե Ֆինանսավորման հարցն ավելի շուտ լուծվեր, մենք կկարողանայինք նույն ճանապարհածախսով նաեւ Կանադա մեկնել, ինչպես նաեւ մասնակցել Disney Hall-ում ծրագրված համերգին: Շատ ուրախ ենք, ու, այնուամենայնիվ, գոնե այդ կարեւոր համերգը բաց չենք թողնում: Այն մեզ համար նոր ճանապարհներ է բացելու»,-ասաց Կամերային երգչախմբի տնօրենը:

Նաեւ հիշեցրեց, որ ամենամյա երաժշտական այդ փառատոնին ելույթներ են ունեցել աշխարհահռչակ այնպիսի երաժիշտներ ու խմբեր, որոնց թվում են Մացուեւը, Գերգիեւը եւ այլք, իսկ Հայաստանի պետական կամերային երգչախումբը Հայաստանից հրավիրված առաջին խումբն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում