Հայ պատգամավորը Եվրախորհրդարանի իր գործընկերներին հրավիրեց այցելել Արցախ, տեղում ծանոթանալ իրավիճակին

Այսօր ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան տեղեկացրեց, որ իրենց այցի նպատակն է հանդիպել հայ խորհրդարանականների հետ, հաստատել համագործակցություն քաղաքական կուսակցությունների հետ և ծանոթանալ Հայաստանի քաղաքական խնդիրներին:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի որդեգրած ուղին, Ասոցացման համաձայնագրի արագ ստորագրումը, ինչպես նաև ժողովրդավարության կառուցման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությունը:
Ներկաներն անդրադարձան նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: ՀՀԿ խմբակցության անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը գոհունակությամբ նշեց, որ Եվրոպական խորհրդարանի գործընկերները նկատում են Հայաստանի՝ եվրաինտեգրման ուղղությամբ ներդրած ջանքերը: Այս առումով ԱԺ պատգամավորը կարևորեց Ասոցացման համաձայնագրի արագ ստորագրումը, ինչը Հայաստանի համար մեծ հեռանկարներ կբացի Եվրամիության հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման ուղղությամբ:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսեց Հայաստանի տնտեսական և սոցիալական իրավիճակից, հատկապես անդրադարձավ աղքատության և գործազրկության ցուցանիշի բարձր մակարդակին: Պատգամավորը նշեց, որ երկրում կա նաև արտագաղթի հիմնախնդիրը:

ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը և «Բարգավաճ Հայաաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը կարևորեցին ԵՄ ինտեգրացիոն գործընթացները, ընգծեցին Ասոցացման պայմանագրի ստորագրման կարևորությունը Հայաստանի համար: Պատգամավորները խոսեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումից և Եվրախորհրդարանի հավասարակշռված մոտեցումներից:
«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ իրենց ներկայացրած կուսակցություններն անդամակցում են եվրոպական տարբեր քաղաքական ընտանիքների: Պատգամավորը նշեց, որ Հայաստանը բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով է փորձում լուծել երկրում առկա խնդիրները: Մհեր Շահգելդյանը նույնպես կարևորեց խաղաղ բանակցությունների ճանապարհով ԼՂ հարցի լուծումը:

Հանդիպան ընթացքում բարձրացվեցին նաև Եվրանեսթ ԽՎ-ում առաջիկայում քննարկվելիք զեկույցների վերաբերյալ հայկական պատվիրակության մոտեցումները: Այդ հարցին անդրադարձավ նաև ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

Արտակ Զաքարյանը կարևորեց այն հանգամանքը, որ Եվրախորհրդարանի պատգամավորները չտրվեն ադրբեջանական հակաքարոզչությանը և տարածվող թյուր տպավորություններին: «Ցանկալի է, որ նրանք առիթ ունենան լինելու Լեռնային Ղարաբաղում և տեղում ծանոթանան իրավիճակին»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Ներկաները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում