Գեղեցիկ, ազատ ու հուզական. կին արվեստագետների նկարների ցուցադրություն ՄԱԿ-ում

Գեղեցիկ, ազատ ու հուզական. կին արվեստագետների նկարների ցուցադրություն ՄԱԿ-ում

Կանանց միջազգային տոնի առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մարտի 6-ին բացվեց հինգ կին արվեստագետների աշխատանքների ցուցադրությունը: Հայաստանում ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության գրասենյակի պատասխանատու Արմինե Հալաջյանը նշեց, որ ցուցադրությունը կշարունակվի առնվազն մինչև մարտի 16-ը, սակայն հնարավոր է՝ ավելի երկար տևի: 2018 թ. Կանանց միջազգային օրվա կարգախոսն է՝ «Հիմա գործելու ժամանակն է. գյուղական և քաղաքային ակտիվիստները վերափոխում են կանանց կյանքը»:

«Հիմա է ժամանակը, այսինքն՝ կանայք, ովքեր ակտիվ են, ովքեր կարող են իրենց գործունեությամբ երևալ, նրանք իրենց հետ միասին կարող են խթանել մյուս կանանց հետ կապված հարցերը: Մենք այստեղ խոսում ենք խտրականությունից ազատ լինելու, կանանց իրավազորման կամ հնարավորությունների ընդլայնման հարցերի մասին»,- ասաց նա:

Նկարչուհիներից Արմինե Թումանյանը, ով նաև ցուցահանդեսի կազմակերպիչն է, նշեց, որ բոլոր բնագավառներում էլ կազմակերպիչ լինելը այնքան էլ հեշտ չէ, բայց ինքը սիրում է աշխատել և կազմակերպել թե տղամարդ, թե կին արվեստագետների ցուցահանդեսներ: Նա նշեց, որ իր կազմակերպած ցուցահանդեսների մշտական վայրը Զվարթնոց օդանավակայանն է, որտեղ իր սերն է արտահայտում՝ նկարիչների գեղեցիկ գործերը ցուցադրելով: Թումանյանի խոսքով՝ հասարակությունը կամաց-կամաց զարգանում է, թեպետ դեռ կան ինչ-որ կարծրատիպներ:

«Նկարիչ կանայք արդեն նկարչուհիներ չեն, նկարիչներ են, և իրենց աշխատանքների միջոցով ու վրձնի պնդությամբ կարողանում են ցույց տալ, որ կարողանում են նաև լավ մրցակից լինել տղամարդ նկարիչներին, իսկ գաղափարապես իսկապես կանանց նկարչության մեջ երևի ավելի շատ զգացմունքներ, հույզեր կան, որոնք տղամարդը իսկապես չի կարող նույն կերպ զգալ, ինչպես կինն է զգում, իհարկե, տղամարդը չի կարող երեխա ունենալ, որ այդ ամբողջը կարողանա նկարագրել իր ձևով, գեղեցիկ արվեստի միջոցով դա փոխանցել»,- ասաց նա:

Անուշ Առաքելյանը ցուցահանդեսը գնահատեց իբրև ևս մեկ հնարավորություն՝ իրենց նկարներով հանդես գալու, զգացմունքներն ու հույզերը փոխանցելու և հրաշալի դեմքեր ու ժպիտներ տեսնելու:

Եվգինե Մարտիրոսյանը նշեց, որ նմանատիպ ցուցահանդեսներում սեռերի բաժանումն իր համար մի քիչ տարօրինակ է: «Երբ ես պատանի ու ավելի երիտասարդ էի, ուզում էի տղամարդկանց հետ համեմատվել, ուժեղ լինել, բայց քանի մեծանում եմ, ավելի եմ ուզում, որ կնոջ գործոնը իմ գործերի մեջ ավելի շատ երևա»,- ասաց նա: Մարտիրոսյանն ասաց, որ թեպետ կին-տղամարդ իրար նման են, սակայն մտածելակերպերը, միևնույն է, տարբեր են:

Սոնա Բանոյանը անկեղծացավ՝ ինքը երբևէ խտրականություն չի զգացել: Նա ասաց, որ իր ընկերների մեջ տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք: «Ես երբեք այդպիսի խտրականություն չեմ զգացել, հակառակը, միշտ էլ ավելի բարձրացրել են ինձ՝ իբրև կնոջ: Կարծում եմ՝ պետք է որ շուտով ամբողջությամբ այդպես լինի, կին-տղամարդու տարբերություն պիտի չդնեն»,- ասաց նա՝ հավելելով, որ հայ կանայք շնորհալի են, զգացմունքային, և դա նկարների մեջ էլ է տեսանելի:

Սկզբնաղբյուր՝ Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում