«Փարի՛զ, հիշիր այս անունը». Թամարա Գվերդցիթելի

«Փարի՛զ, հիշիր այս անունը». Թամարա Գվերդցիթելի

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը Մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացնում է Թամարա Գվերդցիթելիի մենահամերգը «Վերադարձ» խորագրով: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Ռուսաստանի (1991) և Վրաստանի (2004) ժողովրդական արտիստուհի, երգչուհի, երգահան և դերասանուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր Թամարա Գվերդցիթելին՝ ապրիլի 12-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա յուրօրինակ մենահամերգով:

Հիմնադրամից հայտնում են, որ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել երգչուհու կատարումները կենդանի հնչողությամբ՝ իր նվագախմբի նվագակցությամբ:
Թամարա Գվերդցիթելիի հրաշալի և հզոր ձայնը, ինչպես նաև երգացանկը /վրացական, ռուսական, հայկական, ֆրանսիական և այլն/ ընդունվել և սիրվել է հայ հանդիսատեսի կողմից: Երգչուհին հատուկ կարևորություն է տալիս հենց համերգային գործունեությանը և նրա համերգներն միշտ առանձնանում են իմպրովիզացիոն հզոր հնարքներով:

1987 թվականից սկսած՝ ընդգրկվել է տարբեր մրցանակաբաշխություններում ու մրցույթներում՝ որպես ժյուրիի անդամ։

1991 թվականին Թամարա Գվերդցիթելին հրավիրվում է Փարիզ, որտեղ ծանոթանում է հայազգի կոմպոզիտոր Միշել Լեգրանի և Ժան Դրեժակի հետ։ Թամարա Գվերդցիթելին ելույթ է ունեցել նաև Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում:

Միշել Լեգրանը նրան հանդիսատեսին ներկայացնում է այս խոսքերով՝ «Փարի՛զ, հիշիր այս անունը»: Համերգային հանդիպումները շարունակվում են նաև հետագայում:
2006 թվականին Միշել Լեգրանը և Թամարա Գվերդցիթելին ելույթ են ունենում մեծ բեմերում ՝ The Umbrellas Of Cherbourg և Yentl Medley կատարումներով:

Թամարա Գվերդցիթելին երգերը կատարում է ավելի քան տասը լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն և այլն: Նրա երգացանկը նաև հարուստ է Առնո Բաբաջյանի ստեղծագործություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում