«Արմավիայի» պարտքի դիմաց տույժերը գերազանցում են պարտքի չափը

«Արմավիան» հրապարակել է ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած պարտքերի ցուցակը, միաժամանակ հավելելով, որ դրանց չափն իր համար այնքան մեծ չէ, որքան դրանց նկատմամբ առաջացած տույժերը: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«Պարտքեր ՀՀ ազգային փոխադրողը կուտակել է 2010թ.-ից ի վեր եւ հետագա 2 տարիների ընթացքում: Արդյունքում 2010-2012թթ. ներառյալ «Արմավիան» պետական բյուջեին կուտակել է 24 269 365 000 դրամի պարտք:
Ընկերությունը, սակայն, փաստում է, որ այս գումարից միայն շուրջ 7 մլրդ-ն է բուն պարտքը, իսկ մնացած 17 մլրդ-ը գոյացել է 3 տարիների ընթացքում ընկերության նկատմամբ կիրառված տույժերի արդյունքում:

Ընկերությունը մեկնաբանում է, որ պետբյուջեի նկատմամբ ունեցած պարտքից ելնելով, հարկային տեսչությունը մտադիր է դիմել դատարան սառեցնելու ավիաընկերության հաշիվները, իսկ դա իր հերթին «սկզբունքորեն թույլ չի տա ընկերության առողջացման եւ բարեփոխման տարբերակի իրականացումը»:

Հիշեցնենք, որ ընկերությունն այսպես կոչված առողջացման առաջարկերով ծրագիր է ներկայացրել Կառավարություն եւ այժմ սպասում է արձագանքի…»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում, նյութի աղբյուրը՝ «Փաստինֆո»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում