Մտահոգված ԲՀԿ-ն

Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունը Հայաստանի քաղաքական հնգամյակի եզրափակիչ փուլն է: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։

«Թերեւս, սա է պատճառը, որ ընտրությանը մասնակցող կուսակցությունների մեծ մասը համայնքային բնույթի ընտրությանը քաղաքական պայքարի երանգ է հաղորդում, որպես նախընտրական քարոզչության մարտավարություն ընտրելով իշխող հանրապետականի դեմ հակաքարոզչության իրականացումը: Այս գործում հատկապես աչքի են ընկնում ԲՀԿ-ականները, որոնք, ի տարբերություն քաղաքական դաշտի մարգինալ ՀԱԿ-ի, փորձում են քաղաքական միավորներ ստանալ հետագա գործընթացներում ավելի հարմար դիրքեր ապահովելու համար:

Հետագա քաղաքական վերադասավորումների խնդիրը մտահոգում է ԲՀԿ-ին, հատկապես կուսակցության միջին օղակներին, որոնց համար անհասկանալի են կուսակցության դիրքորոշումն ու իրենց քաղաքական ապագան…

Ի տարբերություն ընդդիմադիր քաղաքական ուժերի, ԲՀԿ-ն չունի իրական ընդդիմության վերածվելու ռեսուրսներ: Հիշենք ՕԵԿ-ի օրինակը, երբ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց ընդդիմադիր ճամբար տեղափոխվելու մասին, կուսակցության ողնաշարը հանդիսացող օլիգարխները «կրոնափոխ» եղան: Նույնը սպասում է նաեւ ԲՀԿ-ին, սակայն այս գործընթացը շատ ավելի ցավոտ կլինի այն պարզ պատճառով, որ, ի տարբերություն ՕԵԿ-ի, ԲՀԿ առաջնորդը օլիգարխ է, որը հարվածի տակ է դնելու իր գործարար հնարավորություններն ու կուտակած կապիտալը: Բացի դրանից, ԲՀԿ շարքերը բաղկացած են հիմնականում այնպիսի անձանցից, ովքեր կուսակցությանն անդամակցել են իշխանության հնարավորություններից օգտվելու համար, ուստի եւ դժվար է նրանց պատկերացնել քաղաքական ընդդիմության դերում:

Անկասկած, Գագիկ Ծառուկյանը շատ լավ հասկանում է, որ ընդդիմադիր ճամբար տեղափոխվելու դեպքում կուսակցությունից սպասվում է կործանարար արտահոսք, ինչը չի կարող չմտահոգել ինչպես Ծառուկյանին, այնպես էլ ԲՀԿ «քաղաքական թեւին»: Կա եւս մեկ կարեւոր առանձնահատկություն. ԲՀԿ-ն ստեղծված չի եղել որպես ընդդիմադիր կառույց եւ չունի ընդդիմադիր գործունեություն վարելու արժեքային հենք: 1998-ից սկսած ԲՀԿ կարկառունները’ Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը եւ այլք, իշխանության հենասյուներից են եղել եւ պատասխանատու են բազմաթիվ բացասական երեւույթների համար: Պարզ է, որ ընդդիմադիր գործունեության ճանապարհով իշխանության գալ չի հաջողվի, ուստի ԲՀԿ-ն կփորձի սակարկման առարկա դարձնել իշխող հանրապետականին աջակցության խնդիրը:

Ճիշտ է, վերջին երկու տարիներին այդ մարտավարությունն արդյունք չտվեց, եւ նախագահ Սարգսյանը ոչ մի զիջման չգնաց, սակայն հնարավոր է, որ իշխանությունը, խուսափելով ավելորդ գլխացավանքից, փորձի բավարարել ԲՀԿ-ի պահանջները’ մի քանի պորտֆելներ տրամադրելով Ծառուկյանին եւ երաշխավորելով նրա գործարար արտոնությունները: Միեւնույն ժամանակ, Հայաստանում նկատվում է հասարակական հարաբերությունների զարգացման միտում, ուստի եւ իշխող հանրապետականին ձեռնտու չէ համագործակցել օլիգարխիկ ուժերի հետ, հատկապես, երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ՀՀԿ-ում առկա օլիգարխիկ շրջանակները կուսակցության վարկանիշի նվազման հիմնական պատճառն են, եւ ՀՀԿ-ում առայժմ չեն իմանում, թե ինչպես ազատվեն սեփական օլիգարխներից: Կասկածից վեր է նաեւ, որ ՀՀԿ-ն ինքն է փորձելու վերարտադրվել եւ պահպանել իր դիրքերը քաղաքական դաշտում, ուստի եւ ձեռնտու չէ բավարարել ԲՀԿ-ի ցանկություններն ու պահանջները:

Ինչեւէ, քաղաքական վերադասավորումների հեռանկարը ԲՀԿ-ի մասով տխուր է. կուսակցությունը կամ պետք է անցնի բացահայտ ընդդիմության դաշտ եւ փոշիանա, կամ էլ կապիտուլացվի եւ վերածվի իշխանության սովորական արբանյակի, ասել կուզի’ վերադառնա այն նույն նպատակին, ինչի համար ի սկզբանե ստեղծվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում