Դիակիզումն այլ կրոններում և Կաթոլիկ Եկեղեցում

Դիակիզումն այլ կրոններում և Կաթոլիկ Եկեղեցում

Ինչպիսի՞ն է դիակիզման հանդեպ դիրքորոշումն այլ կրոններում և Կաթոլիկ Եկեղեցում:

Դիակիզումը մեծապես ընդունված է բուդդայականության մեջ, հինդուիզմում, ջայնիզմում: Հնդկական կրոնափիլիսոփայությունը կարևորում է դիակիզումը, որովհետև այդ աշխարհայացքի համաձայն` մարդն ստեղծված է հինգ տարրերից` հողից, օդից, ջրից, կրակից և եթերից: Երբ մարդը մեռնում է, նրա բաղադրիչ տարրը կազմող կրակը հանգչում է, դրա համար էլ կրակ են վառում և դիակիզումը կիրառում:

Չորս տարրերից կազմված լինելու պատկերացում կա քրիստոնեական հեղինակների, հայ եկեղեցական հեղինակների մոտ, սակայն նրանց տեսակետը արմատականորեն տարբերվում է հնդկական փիլիսոփայության կարծիքներից` քրիստոնեական վարդապետության վրա հիմնված լինելով:

Դիակիզումը կիրառվում է նաև այն մտայնությամբ, որ դա օգնում է հոգուն արագ ազատվել մարմնից: Սակայն հնդկական կրոններում երբեք չեն դիակիզում սրբերին ու երեխաներին, այլ նրանց հիմնականում թաղում են: Բացատրությունն այն է, որ սրբերն արդեն կապվածություն չունեն մարմնի, մարմնականի հետ և նրանց հոգիները կարող են հեշտությամբ ազատվել մարմնից: Նույնպես և երեխաներն իրենց վաղ տարիքի բերումով չեն հասցրել մարմնին, նյութականին մեծապես կապվել, և հարկ չկա նրանց մարմինները վառելու` հոգիներին մարմիններից ազատվելու գործում օգնելու համար:

Հնդկաստանում մահացած ամուսինների դիակիզման ժամանակ նաև նրանց կանայք են նետվում կրակը` ամուսինների հետ վառվելու: «Սատի» կոչվող այս սովորույթի ծագման պատճառը, ըստ կարծիքներից մեկի, ոչ միայն կրոնական է, այլև սոցիալական, քանի որ հնդկական հասարակության մեջ մեծ դժվարություններ են ծագում այրիների համար: Այս իրողությունը հակադրվում է Աստվածաշնչին, որը բազում պատվերներ ունի այրիների իրավունքը հարգելու, պաշտպանելու, նրանց հոգ տանելու համար (Ելք 22.22, Բ Օր. 10.18, 27.17, Սաղմ. 67.6, 145.9, Առակ. 15.25, Եսայի 1.17, 10.2 և այլն):

Մինչև 1947 թվականը Հնդկաստանում օրենքով չէր արգելվում ողջ կանաց վառվելը դիակիզվող ամուսինների կրակի մեջ, սակայն հետո դա արգելվեց: Այդ արգելքը, սակայն, հիշյալ սովորույթը չդադարեցրեց, և գյուղական, գավառական շրջաններում, չնայած մտավախությունը կա օրենքով պատժվելու, դարձյալ շարունակվում է ողջ կանանց՝ ամուսինների դիակների հետ վառելու սովորույթը: Հնդկաստանում կիրառվում է բաց տարածության մեջ կատարվող դիակիզումը, սակայն մեծ քաղաքներում գործում են դիակիզարանները:

Բողոքական եկեղեցիները և Կաթոլիկ Եկեղեցին այսօր ընդունում են դիակիզումը, սակայն Կաթոլիկ Եկեղեցում արարողություն է կատարվում միայն մարմնի առկայության պարագայում, դիակիզումից առաջ: Սուրբ Գրիգոր Տաթևացին Վերջին օծման խորհրդի, ննջեցյալ քահանաների մարմինը մյուռոնով օծելու մասին խոսելիս մեծապես կարևորում է հուղարկավորության արարողության համար մարմնի ներկայությունը:

Մարմնի օծումով, մարմնի վրա կատարվող արարողությամբ հոգու վրա ներգործելու փաստը բացատրելով` Տաթևացին ասում է. «Երբ հոգին միավորված էր մարմնին, միությամբ ներգործ էին ամենայն մարմնական իրողությունները: Իսկ այժմ, երբ բաժանված են մարմինն ու հոգին` բաժանմամբ ևս հոգուն հասնում են բոլոր սրբությունները»:

Կաթոլիկ եկեղեցում պատարագի ընթացքում դրվում է մարմինը, որի ներկայությամբ հոգևորականը համապատասխան կարգն է կատարում, այնուհետ մարմինը տանում են դիակիզարան: Սակայն Կաթոլիկ Եկեղեցում արտոնություն կա նաև արդեն դիակիզված մոխրով աճյունասափորի առկայությամբ կարգը կատարելու, եթե բացառիկ անհրաժեշտություն է եղել մինչև եկեղեցական կարգի մատուցումը մարմինը դիակիզելու: Այս պարագայում արարողությունն անելու հնարավորությունը թողնվում է հովվական գթասրտությանը: Այսինքն` եկեղեցու հովիվը, քննելով պարագան, լիազորություն ունի իր որոշմամբ թաղման կարգը դիակիզված մարմնի մոխիրների վրա կատարելու:

Այդ դեպքում աճյունասափորը եկեղեցում դրվում է այնտեղ, որը նախատեսված է ննջեցյալի համար, և նույնությամբ կատարվում է ծեսը: Կաթոլիկ Եկեղեցում արգելված է դիակիզումը նախըտրած ննջեցյալի համար որևէ կարգ կատարել, եթե նրա նախընտրությունը կապված է մարմինների հարությունը մերժելու համոզմունքի հետ: Բայց եթե հայտնի է, որ մարդու նման նախընտրությունը հարության մերժում չէ, ապա հուղարկավորության կարգ կատարվում է:

Սկզբնաղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում