«Գողացված «Վրուբելի» Վերադարձը» Երևան

«Գողացված «Վրուբելի» Վերադարձը» Երևան

«Գողացված «Վրուբելի» Վերադարձը» ցուցահանդեսը կմեկնարկի Ռուսական արվեստի թանգարանում մարտի 17-ին: Թանգարանը 2018թ. մարտի 20-ից, նոյեմբերի 20 կցուցադրի Մ.Վրուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը: Նկարը 1995թ. գողացել էին, այն թանգարանին վերադարձվեց անցած տարի:

Ցուցադրությունը ներկայացնում է «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի ստեղծման պատմությունը, և մեր օրերի նրա «ոդիսականը»: Ցուցահանդեսում օգտագործված են ձևավորման հատուկ լուծումներ և արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններ (AR-հավելված իրականություն տեխնոլոգիա), որոնք դիտողին կտեղափոխեն Վռուբելյան «Դեմոնիանայի» մոգական աշխարհ: Մուտքավճարը 1 000 դրամ է։

Վրուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցն իր վիթխարի գեղարվեստական արժեքից զատ նաև պատմական հետաքրքրություն է ներկայացնում: Այն ստեղծվել էր Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի առթիվ՝ (1891 թ.) շքեղորեն նկարազարդված երկերի ժողովածուի համար: Գիրքը նկարազարդելու էին հրավիրվել ժամանակի գրեթե բոլոր հայտնի ռուս նկարիչները: Այդ պատվերի շրջանակներում Վռուբելը կատարել է 36 գծանկար, որոնցից 20-ը ներառվել են հիշյալ հրատարակության մեջ, իսկ դրանցից 11-ը նվիրված էին «Դևը» պոեմին:

Ռուսական արվեստի թանգարանին (պրոֆեսոր Ա.Աբրահամյանի հավաքածու) պատկանող «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը այդ շարքի եզրափակիչ սյուժետային թերթն է:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ հանրահայտ նկարիչ Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբելի` Հայաստանից գողացված աշխատանքը կվերադարձվի:

«Առանձնահատուկ շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրիին մեծանուն նկարիչ Մ. Ա. Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը Հայաստանին վերադարձնելու համար, որը դեռևս 1995 թվականին հափշտակվել էր Հայաստանից: Ռուսաստանի համապատասխան մարմինների ջանքերի շնորհիվ այս կտավը գտնվել է, և այսօր Վլադիմիր Վլադիմիրին հայտնեց Հայաստանին այդ նկարը փոխանցելու ռուսական կողմի մտադրության մասին»,-ասել էր Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում