Թառլոյանները բացառիկ ցուցադրություն կունենան ազգային պատկերասրահում

Թառլոյանները բացառիկ ցուցադրություն կունենան ազգային պատկերասրահում

Այցելուները կհանդիպեն նորաձեւ հագուկապով կերպասե քանդակների եւ մարիոնետների

Մշտապես հիացմունքով ենք փաստում արտասահմանում ստեղծագործող հայազգի յուրաքանչյուր արվեստագետի հաջողության մասին: Գեւորգ եւ Վարդան Թառլոյանները Փարիզի բարձր նորաձեւության ակադեմիայի 16 իսկական անդամներից են՝ Դիորի, Վերսաչեի, Վալենտինոյի, Ջիվանշեի, Ժան Պոլ Գոտյեի եւ այլ աշխարհահռչակ անունների կողքին:

«Առավոտը» երկու անգամ է հանդիպել երկվորյակ եղբայրներին (21.05.2013թ., 6.09. 2016թ.): Վերջին զրույցի ընթացքում կուտուրյե Թառլոյանները խոստացել էին 2017թ. ցուցադրություն ունենալ Երեւանում, որտեղ տեղ գտնեն էսքիզներ եւ առաջին անգամ հայաստանցիները կծանոթանան իրենց դիզայնով ստեղծված հագուստներին՝ քանդակային կերպարների միջոցով: Նույնիսկ վայրն էին ընտրել՝ Հայաստանի ազգային պատկերասրահ: Հետաքրքրությանը՝ ի՞նչ ասել է քանդակային կերպարներով հագուստ, նրանք մանրամասնել էին, որ դրանք նման չեն սրահների ցուցափեղկերում մանեքեններով հագուստներին: Նշել էին, որ զգեստը քանդակի վրա՝ ի տարբերություն մանեքենի, դիտվում է իբրեւ զուտ նորաձեւության նմուշ, տեղեկացրել էին, որ նման աշխատանքներ իրենք ժամանակին ցուցադրել են Փարիզի «Ժանսեմ» պատկերասրահում:

Մեզ հետ հանդիպման ժամանակ Թառլոյան եղբայրները հայտնեցին, որ իրենք Երեւանում են ՀՀ մշակույթի նախարարի հրավերով, մարտի 8-ին էլ Ազգային պատկերասրահում կկայանա «Պատրանք եւ իրականություն» շուրջ 75 էսքիզների եւ գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունը եւ դեֆիլե, որտեղ տեղացի 12 հայուհիներ կներկայացնեն 21 հագուստ: Հավելեցին նաեւ, թե այդ ամենը տեղի կունենա պատկերասրահի 4 մեծ սրահներում, կուղեկցվի կենդանի երաժշտությամբ, «Հովեր» կամերային երգչախմբի (ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան), Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ղեկավար՝ Վահան Մարտիրոսյան), օպերային բարիտոն Գեւորգ Հակոբյանի, Վահագն Հայրապետյանի ջազ տրիոյի, քանոնահար Նարեկ Կազազյանի մասնակցությամբ:

«Դեֆիլեն կկայանա միայն մարտի 8-ին, իսկ շարունակվող կանանց մեկամսյակի ընթացքում պատկերասրահի այցելուները կհանդիպեն նորաձեւ հագուկապով կերպասե քանդակների եւ մարիոնետների»,- ասաց Գեւորգ Թառլոյանը: Վարդանն էլ շարունակեց, թե առաջին անգամ պատկերասրահը տրամադրել է 18-րդ դարի ֆրանսիական եւ հոլանդական կահույք, ինչը կօգնի ստեղծել իրենց արվեստին բնորոշ ջերմ մթնոլորտ՝ սինթեզելով հինը նորի հետ, ուղեկցությամբ Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Վիվալդիի, Շոպենի, Դեբյուսիի, Չայկովսկու եւ Ռոդիոն Շչեդրինի երաժշտությամբ:

Հարցին՝ չե՞ն պատրաստվում համագործակցել հայաստանյան թատրոնների հետ, մեր զրուցակիցները պատասխանեցին, որ իրենք դասական երաժշտության սիրահարներ են, հնարավորության դեպքում էլ սիրով «կզգեստավորեն» օպերային կամ բալետային ներկայացում:

Հիշեցնենք, որ այս ցուցադրությունը Թառլոյանների երկրորդ մեծ միջոցառումն է Երեւանում: Առաջինը կայացել է 2006-ին, կառավարության շենքում, ներկայացվել է երկու մասից բաղկացած «Ինկվիզիցիա» եւ «Փախուստ» խորագրերով հավաքածուները:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում